ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի — Sputnik. Երկրապահ կամավորների միության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը կարծում է, որ դատարանին անհրաժեշտ չէ կենդանի Մանվել Գրիգորյան, նրանց պետք է Մանվել Գրիգորյանը մահացած վիճակում։ Պաշտպանը նման կարծիք հայտնեց այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ։
Գրիգորյանն արդեն մի քանի օր է, ինչ առողջական վիճակի վատթարացման հետևանքով տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք։ Հունվարի 15–ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը փոխարինել չհեռանալու մասին ստորագրությամբ։
«2019–ի այս օրերին Մանվել Գրիգորյանը գտնվում էր քաղաքացիական հիվանդանոցում և պետական լիազոր մարմնի ներկայացուցիչները վայրագ ձևով, կատետորը նրա ձեռքից պոկելով, քրեակատարողական հիմնարկ տեղափոխեցին։ Դրանից հետո Գրիգորյանը տվեց իր համաձայնությունը, որ դիմեն միջազգային ատյաններին»,–պատմեց փաստաբանը։
«Վերջին շրջանում Մանվել Գրիգորյանի առողջական վիճակն ավելի էր վատացել». Թաթոյան
Բաղդասարյանի խոսքով` իր պրակտիկայում հազվադեպ դեպք է, որ 8-9 ամիս անձը քաղաքացիական հիվանդանոցում բուժում ստանա ու հիվանդությունների քանակն ավելանա։
Խոսելով Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի մասին` պաշտպանը նշեց, որ նա շարունակում է մնալ «Նաիրի» ԲԿ–ի վերակենդանացման բաժանմունքում։ Գրիգորյանի վիճակը ծանր է, նա ինքնուրույն չի տեղաշարժվում և շնչում է թթվածնի սարքի օգնությամբ։
«Չի բացառվում, որ առաջիկայում դիմեմ ՀՀ վարչապետին, որ անկախ հանձնաժողով ստեղծվի, որը կքննի Գրիգորյանի դեմ գործով անօրինականությունները»,–ասաց պաշտպանը։
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանի դեմ հարուցված քրեական գործով երեկ կայացած դատական նիստի ժամանակ Բաղդասարյանը միջնորդություն էր ներկայացրել Գրիգորյանին Ֆրանսիա բուժման ուղարկելու թույլտվության համար։ Դատարանը, սակայն, մերժել էր միջնորդությունը` այն անհիմն լինելու պնդումով։
Գրիգորյանը կալանքի տակ է արդեն 1.5 տարի։ 2018թ.-ի հունիսի 16-ին կատարված խուզարկություններով` ԱԱԾ–ն Արմավիրի մարզի Արշալույս գյուղի` Գրիգորյաններին պատկանող առանձնատներում հայտնաբերել էր 17 606 հատ տարբեր տրամաչափի փամփուշտ, 20 հատ «Փ-1» տեսակի ձեռքի բեկորային մարտական նռնակ, 20 «УЗРГМ-2» տեսակի մարտական պայթուցիչներ, 18 հատ կրակոցներ՝ իրենց բաղկացուցիչ մաս կազմող 13 մեկնարկային վառոդային լիցքերով, հրազեն հանդիսացող 40մմ տրամաչափի «РПГ-7В» տեսակի նռնականետ։
Նրան մեղադրանք է առաջադրվել 2018 թ. հունիսի 19-ին։