Երևանին նվիրաբերություն կատարելը ՔՕ–ով չթույլատրված արարքի հատկանիշներ չի պարունակում

Դատախազությունն ուսումնասիրել է Երևանի քաղաքապետարանին մեքենաներ նվիրելու և նվիրատու ընկերություններին շինթույլտվություն տալու լուրերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի — Sputnik. ՀՀ դատախազությունը հայտնում է, որ իրավաբանական անձանց կողմից Երևանի քաղաքապետարանին նվիրաբերություններ կատարելն ինքնին ՀՀ քրեական օրենսգրքով չթույլատրված որևէ արարքի հատկանիշներ չի պարունակում։

Ոչ թե կաշառք, այլ կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն. Մակունցը` «ԿամԱԶ»–ների մասին

Դեռ նախորդ տարի հայտնի դարձավ, որ մի շարք ընկերություններ Երևանի քաղաքապետարանին աղբահան մեքենաներ են նվիրել։ Նվիրրատուների ցանկում էին «Ալեքս ընդ հոլդինգ» ՍՊԸ–ն, Սարգիս Խուրշուդյանը և Հայրապետ Հովհաննիսյանը, «Ն և Ս Քոնսթրաքշն» ՍՊԸ–ն, ՀՀ–ում Չինաստանի դեսպանությունը, «Էյչ բի Էմ գրուպը»։ Մամուլում լուրեր էին շրջանառվում, որ քաղաքապետարանին ընկերությունները մեքենաները նվիրել են շինարարական թույլտվություն ստանալու դիմաց։

Ոչ միայն «ԿամԱԶ», այլև ձնամաքրման մեքենաներ. թեման նոր զարգացումներ է ստանում

«Պարզվել է, որ «Տերյան 5», «Ն և Ս Քոնսթրաքշն», «Էյ ընդ Փի գրուպ», «Էյչ ԲԻ Էմ գրուպ» ՍՊԸ–ին, «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ–ն և ՀՀ-ում Չինաստանի դեսպանությանը տրամադրվել են նախագծման, քանդման և (կամ) կառուցապատման թույլտվություններ։ Իսկ քաղաքացի Շողերինա Մկրտչյանի ինքնակամ կառույցը օրինականացվել է: Նշված գործընթացներն իրականացվել են օրենսդրության պահանջների պահպանմամբ և դրանցում խախտումներ չեն հայտնաբերվել»,–հայտնում են դատախազությունից։

Պարզվել է նաև, որ, օրինակ, շինության նախագծման թույլտվությունը «Տերյան 5» ՍՊԸ–ին տրվել է 2017թ.՝ սահմանելով շինության վերգետնյա բարձրության մինչև 75.4 մետր (21–22 հարկանի շենք), սակայն 2019թ. տրված շինարարության թույլտվությամբ սահմանվել է բարձրության ավելի պակաս՝ 56 մետր (16 հարկանի շենք)։ Իսկ նվիրաբերություն կատարած «Ավանգարդ Մոթորս» ՍՊԸ-ին կամ դրան փոխկապակցված անձանց Երևանի քաղաքապետարանի կողմից շինթույլտվություններ չեն տրամադրվել:

«Անտրամաբանական կլինի մերժել». Փաշինյանը պատասխանել է «ԿամԱԶ»–ների մասին հարցին

Երևանի քաղաքապետարանին «ԿամԱԶ» նվիրողների ցանկում է նաև «Ալեքս ընդ հոլդինգը»

Դատախազությունը հայտնում է նաև, որ ՀՀ-ում Չինաստանի դեսպանությունը, «Ն և Ս Քոնսթրաքշնը», «Էյչ ԲԻ ԷՄ գրուպը», «Ավանգարդ Մոթորս» ՍՊԸ–ն, ինչպես նաև «Ալեքս էնդ Հոլդինգը», որը, ըստ հրապարակումների, կապված է «Էյ ընդ Փի գրուպ» ՍՊԸ և քաղաքացի Շողերինա Մկրտչյանի հետ, Երևան համայնքին նվիրաբերել են 19 տրանսպորտային միջոց, այդ թվում՝ աղբատար։ «Տերյան 5» ՍՊԸ-ն նվիրաբերության պայմանագրով պարտավորվել է նվիրաբերել անշարժ գույք:

Այնուամենայնիվ, դատախազությունը քաղաքապետարանին առաջարկել է կիրառել այնպիսի ընթացակարգեր, որոնք կապահովեն այդ գործընթացների իրավական հիմնավորվածությունը, անհրաժեշտ թափանցիկությունն ու հրապարակայնությունը:

Հիշեցնենք` Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հայտնել էր, որ գործարար Սամվել Ալեքսանյանը քաղաքին երկու տասնյակ «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարներ նվիրաբերել: Քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը հերքել էր այդ տեղեկությունը` նշելով, որ քաղաքապետարանը Սամվել Ալեքսանյանից առհասարակ նվեր չի ստացել։ Ավելի ուշ Կարապետյանը հրապարակել էր քաղաքապետարանին տրված նվիրատվությունների ցանկը, ըստ որի` «Ալեքս ընդ հոլդինգ» ՍՊԸ–ն 3 «ԿամԱԶ» էր նվիրել քաղաքապետարանին։

Նշենք, որ Սամվել Ալեքսանյանը բազմիցս հայտարարել է, որ ինքը որևէ բիզնես չունի։ Սակայն հայտնի է, որ «Ալեքս հոլդինգը» փաստացի պատկանում է նրան։

«ԿամԱԶ»–ների գնման մեջ գումա՞ր են աշխատել. Երևանի քաղաքապետարանի պարզաբանումը