Պաշտպանը Մանվել Գրիգորյանին Ֆրանսիա ուղարկելու միջնորդություն է ներկայացրել

Հարազատները ցանկանում են իրենց միջոցներով Մանվել Գրիգորյանին արտերկիր տեղափոխել, որտեղ նա ժամանակին բուժում է ստացել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի — Sputnik. Երկրապահ կամավորականների միության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանն այսօր միջնորդություն ներկայացրեց Երևանի ընդհանուր իրավասության դատարան` Գրիգորյանին Ֆրանսիա տեղափոխելու և նրա բուժումն այնտեղ շարունակելու համար։

«Վերջին շրջանում Մանվել Գրիգորյանի առողջական վիճակն ավելի էր վատացել». Թաթոյան

Մանվել Գրիգորյանը նիստին չի մասնակցում, նա գտնվում է «Նաիրի» ԲԿ–ի վերակենդանացման բաժանմունքում։

«Գրիգորյանի առողջական վիճակն այժմ ծանր է, իսկ բուժման ընթացքում արձանագրվել է հիվանդությունների ավելացում և վիճակի վատթարացում։ Նրա հարազատները ցանկանում են իրենց միջոցներով նրան տեղափոխել Ֆրանսիա, որտեղ ժամանակին բուժում է ստացել Գրիգորյանը»,–ասաց նա։

Մանվել Գրիգորյանի կինն ամուսնու առողջական վիճակի համար մեղադրում է դատախազությանը

Նիստը նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանն էլ հայտնեց` «Նաիրի» ԲԿ-ից տեղեկանք է ստացվել, որ Գրիգորյանը դեռ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, Գրիգորյանի սրտի ռիթմը վերականգնվել է, սակայն նրա մոտ առկա է հաճախասրտություն (տախիկարդիա) և կա ռիթմի խանգարման վտանգ։

Մանվել Գրիգորյանի գործով դատախազ Վահե Դոլմազյանն առարկեց Գրիգորյանի պաշտպանի միջնորդությանը։

Հիշեցնենք, որ Գրիգորյանն արդեն մի քանի օր է` առողջական վիճակի վատթարացման հետևանքով տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք։ Հունվարի 15–ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը փոխարինել չհեռանալու մասին ստորագրությամբ։

Մանվել Գրիգորյանն ազատվեց կալանքից. նրա կյանքին վտանգ է սպառնում

Մանվել Գրիգորյանը կալանքի տակ է արդեն 1.5 տարի։ 2018թ.-ի հունիսի 16-ին կատարված խուզարկություններով` ԱԱԾ–ն Արմավիրի մարզի Արշալույս գյուղի` Գրիգորյաններին պատկանող առանձնատներում հայտնաբերել էր 17 606 հատ տարբեր տրամաչափի փամփուշտ, 20 հատ «Փ-1» տեսակի ձեռքի բեկորային մարտական նռնակ, 20 «УЗРГМ-2» տեսակի մարտական պայթուցիչներ, 18 հատ կրակոցներ՝ իրենց բաղկացուցիչ մաս կազմող 13 մեկնարկային վառոդային լիցքերով, հրազեն հանդիսացող 40մմ տրամաչափի «РПГ-7В» տեսակի նռնականետ։

Էջմիածնում Մանվել Գրիգորյանի դեմ բողոքի ակցիաներ չեն լինի. երիտասարդ ակտիվիստ

Նրան մեղադրանք է առաջադրվել 2018 թ. հունիսի 19-ին։

Մանվել Գրիգորյանը մեղադրվում է 6 հոդվածով` ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Մանվել Գրիգորյանին հնարավոր է` վերակենդանացման բաժանմունքից տուն տանեն