ՌԴ-ն սուպերնախագահական որոշ լիազորություններ կփոխանցի Դումային. Սաֆարյան

Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը Sputnik Արմենիայի քաղաքական մեկնաբան Արման Վանեսքեհյանի «Օրացույց» հաղորդման ընթացքում անդրադարձել է ՌԴ կառավարության հրաժարականին և թե ինչպես դա կանդրադառնա հայ-ռուսական հարաբերությունների վրա:
Sputnik

Արամ Սաֆարյանի դիտարկմամբ՝ այն, ինչ տեղի ունեցավ Մոսկվայում, վկայում է լավ նախապատրաստված, խորապես մտածված, մինչև մանրուքները, հետևանքները հաշվարկված փոփոխությունների մասին:

«Ռուսաստանը, ըստ էության, նպատակ ունի սուպերնախագահական որոշ լիազորություններ փոխանցել խորհրդարանին: ՌԴ-ում դեռ պետք է տեղի ունենան սահմանադրական բարեփոխումներ, և այդ գործընթացը մինչև հուլիս պետք է արդեն ավարտված լինի, որպեսզի օրենսդիր իշխանությունը զբաղվի նոր փոփոխությունների իմպլեմենտացիայով իրական քաղաքական մշակույթի մեջ»,- նշում է քաղաքական վերլուծաբանը:

Սաֆարյանի կարծիքով՝ այն, ինչ նախատեսված է գործադիր իշխանության համար, ընդհանրապես շատ հետաքրքիր է, որովհետև խստացված են պահանջները այն մարդկանց համար, որոնք հավակնելու են լինել նահանգապետ, դատախազ, քննչական վարչության աշխատակից, պատգամավոր, նախարար ու փոխվարչապետ: Անհաջողության դեպքում հստակ ձևավորվելու են այդ մարդկանցից ազատվելու մեխանիզմները:

Գործարարից մինչև վարչապետ. ի՞նչ է հայտնի Միխայիլ Միշուստինի մասին

«Խոսքն ընդհանուր առմամբ վերաբերում է ՌԴ-ի բոլոր ուղղություններով ուժեղացմանը: Նախագահ Պուտինն ու Դումայի խմբակցությունների ղեկավարները հենց այդպես էլ հայտարարեցին, որ ցանկանում են վերացնել այն խոչընդոտները, որոնք մինչ օրս խանգարել են լուրջ տնտեսական առաջընթացին»,- ասաց քաղաքական վերլուծաբանը:

Սաֆարյանի խոսքով՝ հայ-ռուսական հարաբերությունների վերջին տարիների զարգացումը ցույց տվեց, որ ԵԱՏՄ ինտեգրացիոն գործընթացն էապես նպաստում է ՀՀ տնտեսության արդիականացմանը, նոր ճյուղերի զարգացմանը և մեր երկրի ՀՆԱ-ի էական մեծացմանը: Քանի որ ՌԴ-ն վերընթաց զարգացումը համարում է քաղաքական կարևոր խնդիր, և որ աշխարհում իր հետագա դերի ուժեղացման համար տնտեսական բաղադրիչը պետք է սկսի էապես բարձրանալ, ապա այս հանգամանքն, ըստ Սաֆարյանի, մեծ և լուրջ տեղ է թողնում հայ տնտեսվարողների համար:

Հիշեցնենք` հունվարի 15-ին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Վլադիմիր Պուտինի` Դաշնային ժողովին հղած ուղերձից հետո հայտարարել էր, որ կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական է տալիս: ՌԴ նախագահը շնորհակալություն Էր հայտնել Մեդվեդևի կառավարությանը աշխատանքի համար և խնդրել նախարարների կաբինետին պարտականությունները կատարել ամբողջ ծավալով, մինչև նոր կաբինետի ձևավորումը։ ՌԴ նախագահը նաև հայտարարել էր Անվտանգության խորհրդի փոխնախագահի պաշտոն ստեղծելու և այդ պաշտոնը Դմիտրի Մեդվեդևին առաջարկելու մտադրության մասին։ Նույն օրը Պուտինը ՌԴ վարչապետի պաշտոնում առաջադրել էր Դաշնային հարկային ծառայության ղեկավար Միխայիլ Միշուստինի թեկնածությունը: Պետդուման հաստատել էր նրա թեկնածությունը։ Հունվարի 16-ին Պուտինը ստորագրել էր Միխայիլ Միշուստինին ՌԴ վարչապետ նշանակելու հրամանագիրը։