Ռուսաստանը չի բացահայտում Վալերի Պերմյակովի պահման վայրը

Բանտարկյալների անձնական գործի նյութերի հանրայնացումը հակասում է Ռուսաստանի դաշնային օրենսդրությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի — Sputnik. Ռուսաստանի Պատժի կրման դաշնային ծառայությունն ի պատասխան Sputnik Արմենիայի հարցման` հրաժարվեց հայտնել Հայաստանում ցմահ դատապարտված Վալերի Պերմյակովի պատժի կրման վայրը` հղում անելով Ռուսաստանի օրենսդրությանը։

«Դատապարտյալների անձնական տվյալներին, անձնական գործի նյութերին կամ այլ կոնտակտային տեղեկատվությանն առնչվող տվյալների տրամադրումը հակասում է 2006 թվականի հուլիսի 27–ի №152-ՖЗ ՌԴ Դաշնային օրենսգրքի «Անձնական տվյալների մասին» օրենքին», –գրված է Ռուսաստանի Պատժի կրման դաշնային ծառայության մամուլի բյուրոյի պատասխանում։

Այդ հիմքով, ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, Sputnik Արմենիայի հարցումը բավարարվել չի կարող։

Նեյլանդ-Պերմյակով. արտաքին նմանությունը հուշում է հանցագործության մոտիվները

Նշենք, որ ավելի վաղ «Հայկական ժամանակ» թերթում հոդված էր հրապարակվել այն մասին, որ Հայաստանը 2 ամիս այդ հարցման վերաբերյալ պատասխան չի ստացել ՌԴ արդարադատության նախարարությունից։

Բանն այն է, որ թերթը դեռևս նոյեմբերի 7-ին էր դիմել ՀՀ արդարադատության նախարարությանը` խնդրելով պարզել, թե որտեղ է այժմ գտնվում Պերմյակովը, ինչպես է նրա առողջական վիճակը և ինչ ռեժիմով է կրում պատիժը։

Պերմյակովի գործով վնասի հատուցման մասով դատավճռի դեմ բողոքը մերժվեց

Արդարադատության նախարարությունում նրանց հայտնել են, որ նոյեմբերի 8-ին դիմել են ռուս գործընկերներին տեղեկություն ստանալու համար, կպատասխանեն այն ստանալուց հետո։

Հունվարի 13-ին թերթը կրկին դիմել էր ՀՀ արդարադատության նախարարություն, որտեղ հայտնել էին, որ «դեռ պաշտոնական տեղեկություն չեն ստացել»։

Sputnik Արմենիան դժվար ճանապարհ չընտրեց և 2 ամիս չսպասեց, այլ միանգամից հարցում ուղարկեց ՌԴ արդարադատության նախարարություն, որտեղ խորհուրդ տվեցին դիմել Ռուսաստանի Պատժի կրման դաշնային ծառայություն։ Նրանց պատասխանը դուք վերևում արդեն կարդացիք։

Գյումրիում 3 տարի առաջ սպանված Ավետիսյանների դուստրն աղջիկ է ունեցել. նա կկրի փոքրիկ Հասմիկի անունը

Հիշեցնենք` Ավետիսյանների ընտանիքի 6 անդաﬓերի սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, այնուհետև` յոթ օր հետո մահացել էր:

Հայաստանում դատապարտված Պերմյակովը պատիժը կկրի Ռուսաստանում

ՌԴ քաղաքացի, Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ և 8-րդ կետերով՝ առանձին դաժանությամբ, ավազակությամբ զուգորդված երկու կամ ավելի անձանց սպանություն, 175-րդ հոդվածի 2-րդ մասին 3-րդ և 4-րդ կետերով՝ բնակարան ապօրինի մուտք գործելով, զենքի գործադրմամբ ավազակություն, և 34-329-րդ հոդվածի 1-ին մասով՝ պետական սահմանն ապօրինի հատելու փորձ:

2016 թվականի օգոստոսի 23-ին Պերմյակովը դատապարտվել է ցմահ ազատազրկման: Պատժի կրումը հաշվարկվում է 2015 թվականի հունվարի 13-ից: