Ո՞րն էր «Դալմա գարդեն մոլում» արտակարգ իրավիճակի պատճառը. մասնագիտական կարծիքներ

«Դալմա գարդեն մոլում» 30 րոպեից ավել տևած ցնցումների պատճառի առնչությամբ մասնագետները տարբեր կարծիքներ ունեն։ Բոլորը, սակայն, պնդում են` երկրաշարժ չի եղել, շենքն էլ սեյսմիկ առումով ամուր է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի — Sputnik. «Դալմա գարդեն մոլում» երեկ 30 րոպե տևողությամբ ցնցումը մարդկային գործոնի հետևանք է. Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի քարտուղար Էդմոն Զարգարյանը։

Իրարանցում «Դալմա գարդեն մոլում»` մարդկանց տարհանում են. ԱԻՆ-ը պնդում է` կեղծ խուճապ է

Երեկ երեկոյան առևտրի կենտրոնում արտակարգ իրավիճակ էր ստեղծվել. շենքից տարհանել էին բոլորին, քանի որ ցնցումներ էին գրանցվել։

«Շենքում մեր մասնագետներն արդեն չափող սարքեր են տեղադրել, որոնք վաղն առավոտյան կհանենք: Դրանց միջոցով էլ պետք է որոշվի` ո՞րն էր շենքում ցնցումների պատճառը, սակայն երկու բան պարզ է` երկրաշարժ չի գրանցվել, պատահածն էլ մարդկային գործոնի հետևանք է»,–ասաց նա։

Զարգարյանի խոսքով` քանի որ առևտրի կենտրոնի հարակից տարածքում շինարարական աշխատանքներ են ընթանում, ուստի հնարավոր է` ծանր տեխնիկա է աշխատել, որն էլ շենքում ցնցում է առաջացրել։

Սարքավորումներից բացի, ըստ Զարգարյանի, մասնագետներն ուսումնասիրում են շենքի այն հատվածը, որտեղ ցնցումներ են եղել: Նա հայտնեց, որ ցնցումներն առավել նկատվել են երկրորդ հարկի մի հատվածում: Շենքի սեյսմակայունության խնդիր չի դիտարկվել։

Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանի կարծիքով` «Դալմա գարդեն մոլի» շենքը բավական ամուր հիմք ունի և սեյսմակայունության առումով որևէ խնդիր չպետք է ունենա։ Շենքի հիմքը երկաթբետոնից է, հարկայնությունն էլ շատ չէ` 4 հարկ։

«Հայաթ Փլեյս Երևան» հյուրանոցի շենքում պայթուցիկ սարք չհայտնաբերվեց. լուսանկարներ

«Շենքի կմախքը լավն է, որակյալ աշխատանք է տարվել։ Ավելին, եթե սեյսմիկ առումով որևէ խնդիր ունենար, վաղուց իրեն զգացնել կտար` չէ՞ որ արդեն 8 տարի է` շահագործվում է»,–ասաց Մինասյանը։

Նա նշեց նաև, որ իր տեղեկություններով` առևտրի կենտրոնի հարևանությամբ տարվող շինարարական աշխատանքների ժամանակ պայթեցումներ են արել, որն էլ «Դալմա գարդեն մոլի» ցնցման պատճառ է դարձել։

«Դալմա գարդեն մոլի» աշխատակիցներն ու այցելուները տարհանվել են շենքի ցնցման պատճառով

ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության շենքերի և շինությունների սեյսմակայունության բաժնի պետ Գուրգեն Նամալյանն առևտրի կենտրոնի դեպքի մասին լսելիս նախ կասկածել է, որ ցնցումները կարող են օդափոխության համար շենքի տանիքին տեղադրված սարքավորումների հետ կապված լինել։ Նա նշեց` ժամանակին «Չարենց–Սայաթ–Նովա» շենքերի անկյունի նորակառույցների բնակիչներն էլ բողոքում էին ցնցումներից, քանի որ օդափոխության սարքերը նորմալ չէին աշխատում։ Սակայն ԱԻՆ աշխատակիցներն արդեն իսկ ստուգել են օդափոխման համակարգերը և որևէ խափանում չեն հայտնաբերել։

«Շենքի ցնցումների պատճառն այս պահին ինձ համար էլ է անհասկանալի, բայց ռեալ է երկու տարբերակ` կա՛մ սարքավորում, կա՛մ էլ մեկ այլ բան է փչացել։ Եթե երկրաբանական պրոցես լիներ կամ էլ շինարարության հետ կապված խնդիր, ամբողջ շենքը կցնցվեր, և ոչ միայն մեկ հատվածը»,–ասաց նա։

Մասնագետի խոսքով` շենքը կառուցվել է շինարարական նորմերին համապատասխան, շինարարության որակն էլ բավականին լավն է։

«Դալմա գարդեն մոլի» առևտրի կենտրոններից մեկի աշխատակիցը  Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ երկու տարի աշխատել է այնտեղ և նման դեպք երբեք չի եղել։ Աշխատակիցները, որոնց հորդորել են այսօր աշխատանքի չգնալ, դեռևս չգիտեն` առևտրի կենտրոնը վաղը կգործի՞, թե՞ ոչ։ 

Ինչպես են տարհանել Մոսկվա–Երևան չվերթի ուղևորներին. նոր տեսանյութ

«Դալմա գարդեն մոլի» ղեկավարությունը ևս հայտարարություն է տարածել, որում նշված է, որ ըստ ԱԻՆ-ի՝ շենքի ցնցման պատճառ կարող են լինել հարակից տարածքում այդ ժամանակահատվածում կատարվող շինարարարկան կամ այլ մեխանիկական աշխատանքները, ինչպես նաև օդափոխության մասնակի խափանումը:

Երևանի քաղաքապետարանից հայտնեցին` շենքի կառուցապատողը «Դալմա ինվեստ ՍՊԸ»–ն է, իսկ ճարտարապետը` Հովհաննես Մութաֆյանը։

Հիշեցնենք, որ ԱԻՆ–ը երեկ հայտարարություն էր տարածել, ըստ որի` առևտրի կենտրոնի երկրորդ հարկում ժամը 18։40-ից սկսած մոտ կես ժամ տատանումներ են եղել։ Այդ ժամանակահատվածում ո՛չ Հայաստանում, ո՛չ տարածաշրջանում երկրաշարժ չի գրանցվել։