Փաշինյանը ժողովրդի հայր լինելու հավակնություն չունի, «գործ տալը» ծառայում է հանրային շահին

ՀՀ կառավարության նիստում վարչապետ Փաշինյանն անդրադարձավ անձամբ իր ու կառավարության որոշ նախաձեռնությունների վերաբերյալ քննադատություններին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի — Sputnik. Երբ կառավարությունն առաջ քաշեց «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է» կարգախոսը, մեկնաբանություններ եղան, թե Փաշինյանը փորձում է իրեն վերագրել «ժողովրդի հայր» հայտնի տիտղոսը։ Այսօր կառավարության նիստում այս մասին հիշեցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` հայտարարելով, որ ժողովրդի հայր լինելու հավակնություն չունի։

«Ես ուզում եմ ասել, որ ընտանիքում միայն հայրեր չէ, որ գոյություն ունեն։ Ընտանիքում գոյություն ունեն զավակներ, ընտանիքում գոյություն ունեն եղբայրներ, ընտանիքում գոյություն ունեն քույրեր։ Եվ մենք մեր գաղափարական տրամաբանությունը վաղուց ենք դրել և ասել ենք, որ կառավարության ու կառավարության ղեկավարի գործառույթը պատկերացնում ենք ՀՀ քաղաքացիներին ծառայելու մեջ, ասել ենք, որ ժողովրդի հայր լինելու հավակնություն չունենք, որովհետև ժողովրդին համարում ենք մեր գործատուն»,– ասաց Փաշինյանը։

Ինչ վերաբերում է մեկ այլ մեղադրանքի, թե ՀՀ իշխանությունները փորձում են ժողովրդին դարձնել «գործ տվող», այս խնդիրին վարչապետն անդրադարձավ սեփական փորի մասին հիշեցմամբ։

Երբ զուգարանի դուռը բացում ես, թվում է` ինչ–որ աղետյալ շրջանում ես. Փաշինյան

Փաշինյանը նշեց, որ կյանքի ընթացքում հանգամանքների բերումով լայն շփում է ունեցել քրեական ենթամշակույթը կրող շրջանակների հետ և իր փորձով գիտի` գործ չտալու մասին խոսողներն ամենամեծ գործ տվողներն են` այն պայմանով, որ դա անում են իրենց անձնական խնդիրների համար ու անձնական շահագրգռությունից ելնելով։

Մինչդեռ կառավարությունը, ըստ վարչապետի, քաղաքացիներին առաջարկում է անել դա հանուն պետության ու հանուն հանրային շահի։

Հիշեցնենք` 2019թ–ի հոկտեմբերին ԱԺ–ն հաստատեց «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով նկարահանված ՃԵԿ խախտումների վերաբերյալ իրականացվող վարչական վարույթի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ անելու» օրինագիծը, որն ի սկզբանե միանշանակ չէր ընդունվել ու ստացել էր «գործ տալու» մասին օրենք որակումը։ Ըստ փոփոխությունների` ճանապարհային երթևեկության կանոնների խախտումը կարող են արձանագրել ոչ միայն ճանապարհներին տեղադրված տեսախցիկները, այլև ՀՀ ցանկացած քաղաքացի, որ ունի տեսանկարահանող ու լուսանկարահանող որևէ սարքավորում։

Կառավարության այսօրվա նիստում Փաշինյանը հանձնարարեց նման մեկ իրավական ակտով ՀՀ քաղաքացիներին հնարավորություն տալ արձանագրելու առևտրի կետերում ՀԴՄ կտրոններ չտրամադրելն ու դրանք ներկայացնել ՊԵԿ կամ տեղադրել սոցիալական ցանցերի իրենց էջերում` դրանց հիման վրա վարչական վարույթներ իրականացնելու նպատակով։