ՌԱԴԻՈ

Ղահրամանյան. «Հունվարի վերջին հնարավոր կլինի տեղեկանալ առաջին տուգանված վարորդների մասին»

Ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամ Սերգեյ Ղահրամանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է 2020 թ-ից վարորդների շրջանում կիրառվող բալային համակարգին ու դրա առանձնահատկություններին:
Sputnik
Ղահրամանյան. «Հունվարի վերջին հնարավոր կլինի տեղեկանալ առաջին տուգանված վարորդների մասին»

Օրինախախտ վարորդների շրջանում կիրառվող նոր պատժամիջոցները սկզբնական շրջանում ամբողջական հիմք չեն տա, որպեսզի կատարվեն լուրջ և համապարփակ եզրահանգումներ: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամ Սերգեյ Ղահրամանյանը։

«Եթե չլինի պատժող մեխանիզմ, ոչ մի բալային համակարգ խնդիրը չի լուծի». Պողոս Շահինյան

Այդուհանդերձ մասնագետը վկայակոչում է ոստիկանության ներկայացրած վիճակագրությունը, որի համաձայն՝ պատահարների թիվը երկու անգամ պակաս է նախորդ տարվա հունվարի առաջին օրերի համեմատ: 

«Ազդող գործոններից մեկն էլ, անշուշտ, եղել է բալային համակարգի ներդրումը, քանի որ մարդիկ ավելի զսպված և զգոն են եղել՝ չնայած այն հանգամանքին, որ տոնական օրերին մարդիկ քիչ են մեքենա վարում, շատերն էլ մեկնել են Հայաստանից»,- նշեց նա: 

Ղահրամանյանի փոխանցմամբ՝ սարքավորումներով արձանագրված խախտումներին առնչվող ծանուցումը վարորդներին պետք է հասնի 20-օրյա ժամկետում, այսինքն` հունվարի վերջին նոր հնարավոր կլինի տեղեկություններ ստանալ առաջին տուգանված վարորդների մասին:

«Բալային համակարգի հետ կապված առաջին արձագանքները եղել են բազմաժանր: Կային և՛ խելամիտ արձագանքներ, և՛ ոչ այնքան: Գիտեք, միշտ էլ շատերը բողոքել են պարզապես բողոքելու համար: Անշուշտ, կան նաև կառուցողական բողոքներ, որոնք բերում են քննարկումների, որոնց արդյունքում կայացվում են միջանկյալ, այլընտրանքային որոշումներ»,- ասաց մասնագետը:

Տուգանք և 4 բալի կորուստ` տարվա հենց առաջին օրը. քանի խմած վարորդ է հայտնաբերել ՃՈ–ն

Նա տեղեկացնում է, որ իրենք հենց սկզբից մասնակցել են նախագծի հրապարակային քննարկումներին, որոնց նախաձեռնողը ոստիկանությունն է: Այդուհանդերձ քննարկումների աշխուժությունը սպասվածից քիչ էր, քաղաքացների մասնակցության ցուցանիշն այդքան էլ բարձր չի եղել: 

Բալային համակարգը, Ղահրամանյանի համոզմամբ, չի վնասում միջին չափի խախտումներ իրականացնողներին: Ավելին՝ 100 տեսակի խախտումներից 28-ի ֆինանսական բեռը կտրուկ նվազեցվել է: Այդ առումով՝ քաղաքացիները տարեկան 7-8 միլիարդ դրամի քիչ տուգանք կվճարեն:  

Տուգանքների նոր համակարգ ՃՈ–ից. ի՞նչ պետք է իմանան վարորդները

Հիշեցնենք, որ 2020 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել տուգանային միավորների նոր համակարգը, ըստ որի՝ տրված 9 բալը սպառելու դեպքում վարորդները վեց ամսով կզրկվեն մեքենա վարելու իրավունքից։