Երևանում 16-ամյա աղջկա սպանության դեպքը բացահայտվել է. տեսանյութ

27–ամյա երիտասարդը խոստովանել է, որ ինքն է սպանել աղջկան։ Նախաքննությունը շարունակվում է։
Sputnik

Ոստիկանության և Քննչական կոմիտեի ձեռնարկած օպերատիվ հետախուզական գործողությունների արդյունքում բացահայտվել է 16–ամյա աղջկա սպանության դեպքը: Այս մասին հայտնել է Քննչական կոմիտեի խոսնակ Նաիրա Հարությունյանը` Facebook-ի իր էջում։

«Սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է 1993 թվականին ծնված մի երիտասարդ: Վերջինս տվել է ինքնախոստովանական ցուցմունք: Նախաքննությունը շարունակվում է»,–գրել է նա:

Արդեն հայտնել ենք, որ երեկ` հունվարի 5–ին, դաժան սպանություն է տեղի ունեցել Երևանում։

«Մասիվցի Անդիկից» մինչև ոստիկանի դաժան սպանություն. 2019–ի աղմկահարույց դեպքերը

Նյու Յորքում 18 տարեկան ուսանողուհու սպանության կասկածանքով 13-ամյա պատանու են ձերբակալել

Ժամը 23։00-ի սահմաններում, Երևանի 1-03 շտապօգնության խումբն ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ կանչով մեկնել են Սայաթ-Նովա պողոտայի 15-րդ շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկը, որտեղ ննջասենյակում` անկողնում, հայտնաբերել են 16-ամյա Ս. Կ-ի դին։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ երեխան մահացել էր խեղդամահ արվելու հետևանքով։

16 ամյա աղջկա սպանության դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասի հատկանիշներով:

Նշենք, որ ավելի ուշ ՀՀ ոստիկանությունը տարածեց սպանության մեջ կասկածվողի ձերբակալության տեսանյութը։ 

Շահադիտական դրդում. Երևանում 16–ամյա աղջկա սպանության կասկածյալին մեղադրանք է առաջադրվել