Հուսով եմ՝ կվերադարձնենք ստրկական պայմաններով օտարված մեր միության տարածքները. Սեյրանյան

Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը Sputnik Արմենիայի եթերում ամփոփել է տարին՝ հընթացս անդրադառնալով այն հարցին, թե ինչով նշանավորվեց 2019 թվականը Ժուռնալիստների միության համար:
Sputnik

2019-ը Հայաստանի ժուռնալիստների միության համար բազմապրոֆիլ ուղղություններով հարուստ տարի էր, ամենակարևորը տարածքների վերադարձման հարցն է, որովհետև միությունը գտնվում է դատական գործընթացներում և պայքարում է, որ վերադարձնի իր տարածքները: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը։

«ՀԽ–ի դուռն ուրիշ է». Սաֆարյանը չի թաքցնում իր վերաբերմունքը որոշ լրատվամիջոցների նկատմամբ

«Հուսով եմ, որ կհաջողենք ու կվերադարձնենք մեր միության տարածքները, որոնք կնքվել են նախկին ղեկավարության օրոք` միության համար նվաստացուցիչ, ստրկական պայմաններով: Գալիք տարում կամ տարիներին եթե նույնիսկ միայն դա անենք, կհամարեմ, որ անձամբ հաջողել եմ»,-նշեց նա:

Ժուռնալիստների միության նախագահը նշեց, որ անցնող տարվա ընթացքում ստացել է սպառնալիքներ պարունակող նամակներ, եղել են զգուշության կոչեր պարունակող զանգեր, սակայն այդ ամենն իրեն չի վախեցնում, որովհետև պատրաստ է պայքարին և իրեն ոչ ոք չի կարող հետ պահել սեփական սկզբունքների ու համոզմունքների համար:

Սաթիկ Սեյրանյանը նորմալ է վերաբերվում նաև այն հանգամանքին, որ իշխանամետ լրատվամիջոցները երբեմն անտեսում են միության հայտարարությունները:

«Ընդհանրապես պետք է զերծ մնալ անպատասխանատու հայտարարություններից: Երբ պատասխանատվության ես կանչում, հեգնում կամ վիրավորում ես լրատվամիջոցներին, ապա վստահ եղիր, որ այդ լրատվամիջոցների միջին և ավագ սերնդի ներկայացուցիչները կարող են ձեր հարյուրավոր հոդվածները ձեր առաջ դնել»,-ընդգծեց Սեյրանյանը և կոչ արեց առավել սթափ լինել:

Sputnik–ի վրա ճնշումը խնդիր է ԶԼՄ–ների ազատության տեսանկյունից. ԵԱՀԿ

Ըստ Ժուռնալիստների միության նախագահի` իր ղեկավարած կառույցը մեդիաանվտանգության վերաբերյալ ծրագրեր է իրականացրել, իսկ միջազգային գործընկերների հետ այլ ծրագրեր են իրականացրել Երևանում, Շիրակի մարզում և Արցախում: Այդուհանդերձ, մեծածավալ և բազմաբնույթ նախաձեռնություններ իրականացնելու համար անհրաժեշտ են ֆինանսական միջոցներ, մինչդեռ միության հնարավորությունները սուղ են:

Սեյրանյան. «2020-ը մամուլի համար լուրջ մարտահրավերների տարի է»

Սեյրանյանի փոխանցմամբ՝ միությունը փորձում է իր հայտարարություններով, արձագանքներով դիտարկումներ անել, թե որն է ճիշտ, որը՝ սխալ, ըստ այդմ՝ պաշտպանել լրագրողների ու լրատվամիջոցների շահերը: