Հայ-ռուսական հարաբերություններում ադապտացիոն փուլն իսկապես հաղթահարված է: Բնականաբար, Հայաստանում տեղի էր ունեցել շրջադարձային իրադարձություն, որից հետո ժամանակ էր պետք, որպեսզի Երևանում և Մոսկվայում մարսվեին հայ-ռուսական հարաբերությունների հետ կապված նոր իրողությունները, նոր մոտեցումները, նոր դիրքորոշումները: Անդրադառնալով ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի նմանատիպ դիտարկմանը, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
«Հնչած հայտարարության հետ համամիտ եմ, սակայն հայ-ռուսական հարաբերություններում շարունակում են մնալ խնդիրներ, որոնք լուծման անհրաժեշտություն ունեն, այսինքն՝ ադապտացիոն փուլը թեև ավարտված է, բայց դա չի նշանակում, որ նոր որակ կա հայ-ռուսական հարաբերություններում: Եթե այդ հարաբերությունները դիտարկենք անցած քսան տարիների համատեքստում, ապա տեսանելի է, որ շատ քիչ փոփոխություններ կան դրանց տրամաբանության ու փիլիսոփայության մեջ»,- նշեց քաղաքագետը:
Ըստ Սուրենյանցի՝ խնդրահարույց է, օրինակ, գազի սակագինը: Այդ հարցում նախկինի պես հստակություն, որոշակիություն չկա, և ՀՀ կառավարությունն առայժմ չի կարողանում հստակ պատասխան տալ, թե գազի սակագինը երբ է բարձրանալու և դրանից որքան են տուժելու Հայաստանի քաղաքացիները, կամ թե ինչ մեղմիչ սոցալական հանգամանքներ է կիրառելու կառավարությունը:
Մյուս խնդրահարույց հարցն առնչվում է Ադրբեջանին սպառազինություն վաճառելուն, ինչի մասին վերջերս բարձրաձայնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Սուրենյանցի կարծիքով՝ այդ հարցում դեռևս նորություն չկա, որովհետև ՌԴ-ն իր հերթին հայտարարեց, որ Ադրբեջանի հետ ռազմատեխնիկական համագործակցության բաղադրիչն իր համար շատ կարևոր է:
Քաղաքագետի դիտարկմամբ՝ թեև վերջին մեկուկես տարվա ընթացքում ՀՀ և ՌԴ իշխանությունները հասցրին միմյանց ճանաչել, և զարգացումներն ավելի կանխատեսելի են, բայց սրանից չի բխում, որ խնդիրները վերացել են:
Հայաստանի վարչապետը հայտարարություն կանի Սու–30–ի վերաբերյալ. Դավթյան
Հիշեցնենք` ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն ասել էր` կարող ենք արձանագրել, որ սկզբնական զգուշավորության փուլը հայ–ռուսական հարաբերություններում հեղափոխությունից հետո լիովին ավարտված է։ Հղում անելով Ռուսաստանի Դաշնության խորհրդի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչյովին` նա նշել էր, որ թավշյա հեղափոխությունից հետո հայ–ռուսական հարաբերությունները ոչ միայն չեն տուժել, այլ էլ ավելի են զարգացել։