Հետպատերազմյան 1947 թիվ. ԽՍՀՄ, որի կազմում է նաև Հայկական ԽՍՀ-ն։ Հրապարակվում են սոցիալիստական սեփականության պահպանման մասին և քաղաքացիների անձնական ունեցվածքի պահպանման մասին օրենքներ։ Երկու հրամանն էլ ուղղված են հանցավորության դեմ պայքարին, բայց եթե նախկինում գողության համար մի երկու ամիս էին կալանավորում, ապա այժմ` մի քսան տարի։ Տարբերություն կա՞։
Ամենաշուտն այդ տարբերությունը նկատեցին գողերը, որոնք պատերազմից հետո վերադարձել էին իրենց հիմնական գործին։ Քրեական աշխարհի արքաների ուղեղները լավ էին աշխատում, ու նրանք լուծում գտան։ Եթե նախկինում բանտարկված գողն իրավունք չուներ բանտում վարչական գործերով զբաղվել ու, չհնազանդվելու դեպքում, «շան որդի» էր հռչակվում, որին պետք էր անմիջապես մորթել, ապա այսուհետ գողը, որը խախտել էր «ներքին» կանոնը, կարող էր հանգիստ ապրել ու «իշխել» կալանավայրում։
Սակայն բանտում կային ոչ միայն հետպատերազմյան, այլև նախապատերազմյան տարիների գողեր։ Նրանց ակադեմիկոսներ, հիմնադիրներ ու դասականներ էին համարում։ Հանցավոր աշխարհի «վետերանները» չէին ընդունում կռվածների նորարարությունները։
Փաստարկները․ «Պատերազմում եղե՞լ ես։ Զենք բռնե՞լես։ Ուրեմն՝ շան որդի ես ու պետք է «օրենքով» պատժվես։
Արդյունքում` երկու «բանակից» էլ հազարավոր մարդկանց էին մորթել։
«Օրենքով գողերի» պես խելոք մարդիկ աշխարհի տակը չկան. Վարդան Ղուկասյան
Լավագույն պարզաբանումը տվել է այն տարիների քրեական աշխարհի թերևս լավագույն գիտակ գրող Վարլամ Շալամովը, որը տասնյակ տարիներ Կոլիմայի ճամբարներում է անցկացրել։
«Հին քրեական աշխարհը չընդունեց նրանց։ Պարզվեց՝ հին հանցավոր աշխարհում վաղուց խորհել ու քննարկել են նոր եկածներին հուզող հարցերը։ Ու որոշումը տարբերվում էր «կռվածների» մտածածից։ Քրեական աշխարհի «բարեփոխողները» հաղթանակով չպսակվեցին։ Այնուամենայնիվ, «կռվածների առաջնորդները» մտահոգվեցին, բայց չնեղվեցին դրանից։ Եթե հին «օրենքն» իրենց չի ընդունում, իրենք նորը կհորինեն։ Ու նոր «օրենք» հայտարարվեց», - գրում է Շարլամովը։
Այն հայտարարվեց 1948 թվականին Վանինո նավահանգստում, հեղինակի գաղափարը «Արքա» մականունով լեգենդար գողն էր։
Հետո «Արքան», հիշեցնելով պատերազմում ստացած իր շքանշանը, ասաց, որ կարգուկանոն կհաստատի ու խոստացավ իր ուժերով կարգի բերել «օրինական» գողերին։ Եթե ծայրահեղ դեպքում արյուն թափվի, «Արքան» խնդրեց ուշադրություն չդարձնել, քանի որ խոսքը մեր հասարակության մեջ հանցավորությունը վերացնելու մասին է։
Շատ արյուն թափվեց, բայց գործընթացը սկսվեց։ Անցումը նոր «գողական օրենքին» թատերական գործողության պես էր։
- Համբուրիր դանակը։
Ծեծվող գողի շուրթերին էր մոտեցվում դանակի սայրը։
Եթե «օրենքով» գողը համաձայնվում էր, համարվում էր, որ նա նոր հավատք է ստացել, հավերժ կորցրել է իր իրավունքները գողական աշխարհում ու ընդմիշտ «շան տղա» դարձել։
«Ուզո՞ւմ եք մնալ գողական պանյատների մեջ». ԱԺ նախագահը` պատգամավորին սպառնացողների մասին
«Նրանց, ովքեր հրաժարվում էին համբուրել դանակը, սպանում էին։ Ամեն օր դրսից փակած բարաքների դռների մոտ նոր դիակներ էին հայտնվում։ Դիակների վրա դանակներով գրում էին բոլոր այն ընկերների անունները, որոնք համբուրել են դանակը», - նկարագրում է Վարլամ Շալամովը։
Գողերը սպանում էին «շան տղերքին», «շան տղերքը»՝ գողերին։ Սպանվածների թիվը ռեկորդային էր։ Այդ ժամանակ հայտարարվեց գողական երրորդ «օրենքը»։ Ստեղծվեց մի երրորդ ուժ, որը ֆիզիկապես ոչնչացնում էր երկու կողմին էլ։ Ստեղծվում էին նորանոր խմբեր, որոնք ամենատարբեր անուններն էին ստանում, օրինակ՝ «Կարմիր գլխարկներ»։
...Երբ երկար ես ապրում, շատ բան ես հասկանում։ Վաթսունականների սկզբներին Երևանում լուրեր էին տարածվել այսպես կոչված «Երիտասարդ գվարդիայի» մասին։ Խոսվում էր «անտեսանելի ճակատի մարտիկների» մասին, որոնք ձեռնամուխ են եղել սանձել ոչ միայն տեղացի «հեղինակություններին», այլև «օրենքով գողերին»։ «Գվարդիայի» ներկայացուցիչները համարձակ էին, բանդիտների հետ խոսելիս կտրուկ էին, երբեմն նաև զենք էին օգտագործում։ Նրանք քաղաքը սկսեցին մաքրել ծայրամասերից, որտեղ հավաքվում էին քրեական աշխարհի ղեկավարները, ու քայլ առ քայլ հասան Երևանի կենտրոն։ Հաճախ էր խոսվում ոմն «Ժոժոյի» մասին, որը կամ գվարդիայի ղեկավարն էր, կամ ուղղվածությունը փոխած գողական հեղինակություն։
Գողականները փոխում են իրենց «օրենքները». «Հրապարակ»
Բոլորին հետաքրքրում էր՝ որտեղից է հայտնվել «Երիտասարդ գվարդիան», ու ինչու իշխանությունը չի կպնում նրանց։ Չէին կպնում, որովհետև նրանց «ստեղծել» էր Երևանի միլիցիայի այն ժամանակվա ղեկավար, գեներալ Ակիմովը։ Երբ ամեն ինչ ավարտվեց, քրեական աշխարհի դեմ պայքարողների մի մասը համալրեց միլիցիայի շարքերը, մյուսները սկսեցին ղեկավարել ժողովրդական ջոկատները ու Երևանում որոշ ժամանակ խաղաղություն տիրեց։
Չեմ կարող ասել, թե ինչ կլինի հիմա, եթե քրեական աշխարհի դեմ պայքարող նախագիծն ուժի մեջ մտնի, սակայն «գող» հասկացության մեջ ոչ մի լավ բան չկա, առավել ևս, եթե դա «օրենքով գող» է։