Անառակ որդու վերադարձը. «Ֆրանկլին Գոնսալեսին» Չեխիայից տեղափոխել են Հայաստան. տեսանյութ

Սերժ Սարգսյանի եղբորորդին` Չեխիայում որպես Ֆրանկլին Գոնսալես ներկայացող Նարեկ Սարգսյանը, տեղափոխվեց Հայաստան։ Նա տարեմուտը «կդիմավորի» հայրենիքում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի– Sputnik. Այսօր ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ Չեխիայից Հայաստան տեղափոխվեց Նարեկ Սարգսյանը` ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունը։ Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը դեկտեմբերի 10-ին տեղեկացրել էր, որ Չեխիայի Հանրապետության իրավասու մարմինների կողմից որոշում է կայացվել բավարարել հետախուզվող Նարեկ Սարգսյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին հանձնելու մասին` Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը։

Սերժ Սարգսյանի տոնական ուղերձը մարգարեակա՞ն էր. համերաշխությունից մինչև Ֆրանկլին Գոնսալես

ՀՀ իրավապահներն արդեն մեկ տարի սպասում էին Չեխիայի իշխանությունների այս որոշմանը։

Միջազգային հետախուզման մեջ գտնվող Նարեկ Սարգսյանը հայտնաբերվել և ձերբակալվել էր 2018թ.–ի դեկտեմբերի 6-ին Պրահայում։ Հայտնաբերման պահին նա ներկայացրել է Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր՝ Ֆրանկլին Գոնսալեսի անհատական տվյալներով:

Նարեկ Սարգսյան–Ֆրանկլին Գոնսալեսին հայտնաբերել են մեկ այլ անձի միջոցով. «Ժողովուրդ»
Նարեկ Սարգսյանի հայտնաբերման մասին տեղեկությունը փոխանցվել էր ՀՀ գլխավոր դատախազությանը՝ նրա` Հայաստան տեղափոխելու գործընթացը կազմակերպելու նպատակով: Այդ պահից սկսած` Գլխավոր դատախազությունը հայտարարում է, որ ներկայացրել է անհրաժեշտ փաստաթղթերն ու սպասում է չեխական կողմի պատասխանին։

Ոստիկանությունը գտել է Ալեքսանդր Սարգսյանի որդուն. նա թաքնված էր Ֆրանկլին Գոնսալեսի անվամբ

2018թ.–ի հունիսի 26-ին հարուցվել էր քրեական գործ՝ քրեական օրենսգրքի ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու և թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու հատկանիշներով:

2018թ.–ի հուլիսի 6-ին Նարեկ Սարգսյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, հուլիսի 24-ին՝ միջազգային հետախուզում: