Ուղիղ 5 տարի առաջ՝ 2014 թվականի դեկտեմբերին Բարաք Օբաման արմատապես բարելավեց հարաբերությունները Կուբայի հետ. հայտարարեց այդ երկրի հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու մասին, հետո էլ ընդհանրապես անպատկերացնելի բան կատարվեց՝ ամերիկացի նախագահը այցելեց Հավանա։
Դոնալդ Թրամփը ամեն ինչ արեց կոմունիստական այդ երկրի հետ հարաբերությունները զրոյին հավասարեցնելու համար։ Եվ ասում է՝ իսկ ինչու պիտի ավելի լավ վերաբերվենք, եթե այդ երկրում ոչինչ չի փոխվում։
Սոցիալիզմն, իհարկե, ունի իր առավելությունները։ Տեսեք.
Միջին աշխատավարձը Կուբայում կազմում է ընդամենը 12-ից 15 դոլար ամսական: Համաձայն եմ՝ ծիծաղելի գումար է: Իսկ հիմա հիշեք, թե մի քանի օր առաջ որքան եք մուծել նոյեմբերին ծախսած գազի, էլեկտրականության, ջրի և հեռախոսի համար: Պետք չի կոնկրետ թիվ ասել՝ ես էլ եմ գնացել բանկ և մուծել մի քանի տասնյակ հազար դրամ: Կուբայում բոլոր այդ ծախսերը կազմում են գիտե՞ք որքան՝ ամսական երկու դոլար: 1000 դրամից պակաս:
Բացի այդ Կուբայի իշխանությունները ամեն ամիս յուրաքանչյուր քաղաքացու անվճար տալիս են 5 ձու, կես կիլոգրամ բրինձ, 200 գրամ լոբի և 1 կիլոգրամ հավի միս։ Կասեք՝ դա ի՞նչ է որ։ Բայց եթե ընտանիքը 4 հոգուց է բաղկացած, դա արդեն անում է 20 ձու և 4 կիլոգրամ հավի միս։ Համաձայնեք՝ էլի բան է։ Եվ հետո՝ երբ ասում ենք, որ միջին կուբացին ամսական ստանում է մոտ 15 դոլար, պետք է հաշվի առնենք, որ այդ 15 դոլարով նա կարող է գնել նվազագույն անհրաժեշտը, քանզի գները ֆանտաստիկ ցածր են։
Կուբայում կրթությունը, այդ թվում բարձրագույն կրթությունը, անվճար է:
Եվ վերջապես՝ Բարաք Օբամայի օրոք մարդաշատ էր Հավանայի այն հրապարակը, որտեղ գտնվում էր ամերիկյան հյուպատոսությունը։ Այնտեղ կուբացիները կարող էին ամերիկյան վիզա ստանալ։ Հիմա այդ հրապարակում գրեթե մարդ չկա՝ հյուպատոսությունը պարզապես չի գործում։
Ահա այսպիսին են դիվանագիտական հարաբերությունների վերականգնումից հետո անցած հինգ տարիների ոչ միանշանակ արդյունքները։