Պատրիարք Մաշալյանը դժգոհ է ԱՄՆ Սենատի` Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից

Կ.Պոլսի Հայոց նորընտիր Պատրիարքն անբարոյական է համարում հայկական հարցն օգտագործելով Թուրքիային «ճնշելու» փորձերը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի - Sputnik. Կ.Պոլսի Հայոց նորընտիր Պատրիարք Սահակ եպիսկոպոս Մաշալյանը դժգոհ է ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից: Այս մասին նորընտիր պատրիարքն ասել է թուրքական Sabah թերթին տված հարցազրույցում։

Նա, մասնավորապես ընդգծել է, որ «100 տարի առաջ հայերի տառապանքը», իբրև դարձել է այլ երկրների կողմից Թուրքիայի վրա տնտեսական և քաղաքական ճնշումների գործիք:

«Ծափահարում եմ Սենատի որոշմանը»․ նախագահի թեկնածու Բայդենը` Ցեղասպանության բանաձևի մասին

Հիշեցնենք` դեկտեմբերի 12–ին ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը։ Այն 4-րդ անգամ ներկայացրել էին սենատորներ Ռոբերտ Մենենդեսն ու Թեդ Քրուզը։

Հայոց ցեղասպանության մասին բանաձևը (S.Res.150) սահմանում է Հայոց ցեղասպանության ժխտողական քաղաքականությունից հրաժարում, ԱՄՆ–ի կառավարության անունից Հայոց ցեղասպանության ճանաչում և իրազեկում` ապագայում նման հանցագործությունները կանխելու նպատակով։

«Մենք չենք ցանկանում, որ այս խնդրի մասին խոսեն տարբեր երկրների խորհրդարաններ, այլ խոսեն նրանք, ովքեր այս հողի վրա են ապրում: Մենք ուզում ենք, որ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները բարելավվել: Այս մասին դեռ խոսակցություն չկա, բայց երրորդ երկրները խոսում են խնդրի մասին», - ասել է Մաշալյանը:

Անկարայի նյարդային արձագանքը. Թուրքիայից սպառնալիքներ են հնչում ԱՄՆ Սենատի հասցեին

Եպիսկոպոսը ցանկանում է, որ վավերացվեն 10 տարի առաջ շվեյցարական Ցյուրիխում ստորագրված արձանագրությունները: Ավելին` նա պաշտպանում է նաև պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու գաղափարը, որը ենթադրաբար պետք է ուսումնասիր 100 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունները: Հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությունը պատկանում է թուրքական իշխանություններին, մինչդեռ Հայաստանի ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության հարցը քննարկման ենթակա չէ:

Սահակ Մաշալյանը ստիպված կլինի վերականգնել վստահությունն ու միավորել Թուրքիայի հայ համայնքը

«Հայ համայնքը ինտեգրված է Թուրքիայի կյանքին: Մենք այս երկրի հետ ունենք ընդհանուր ճակատագիր: Մենք մոռացել ենք այն, ինչ տեղի է ունեցել 100 տարի առաջ և որոշել ապրել այս երկրում: Սա այն է, ինչը մեզ առանձնացնում է Հայաստանից և սփյուռքից», - հավելել է Մաշալյանը։

Հիշեցնենք, որ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը դեկտեմբերի 11–ին Պոլսո Հայոց 85-րդ պատրիարք է ընտրվել։ Հայ համայնքի մի մասը բոյկոտել է ընտրությունները` համարելով, թե եկեղեցական կանոնակարգը խախտվել է։