Օգնություն գյուղացիներին, կամ ինչ ծրագրի համար են մեղադրում Սերժ Սարգսյանին

Հայաստանի նոր կառավարությունը չեղարկել է ծրագիրը, որը մշակել և իրականացրել են Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին: Դրանով լիովին փոխվել էր գյուղացիների աջակցության տրամաբանությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի — Sputnik, Արամ Գարեգինյան. Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել գյուղացիներին դիզելային վառելանյութ հատկացնելիս ֆինանսական խախտումներ իրականացնելու համար։

Սարգսյանին մեղադրում են, որ 2013թ.-ին հովանավորություն է ցուցաբերել «Ֆլեշ» ընկերությանը։ Այդ ՍՊԸ–ն հաղթել է դիզելային վառելիք առաքելու պետական մրցույթում, թեև առավել բարձր գին է առաջարկել, քան նրա մրցակիցը (մոտավորապես մեկ միլիոն դոլար տարբերությամբ)։

Sputnik Արմենիան ներկայացնում է, թե դա ինչ ծրագիր էր և ինչու է այն չեղարկվել։

«Հետո ի՞նչ, որ Սերժ Սարգսյանն իմ ընկերն է». Բարսեղ Բեգլարյան

Ըստ այդ ծրագրի, որը գործել է մինչ իշխանափոխությունը, գյուղացիները դիզելային վառելիք են ստացել գարնանացանի աշխատանքները կատարելու համար և դրա դիմաց վճարել են աշնանը։ Նույնպիսի սխեմա է գործել հացահատիկի (ցորեն, գարի) սերմնացուի և անասնակերի (առվույտ և կորնգան), ինչպես նաև ազոտային պարարտանյութերի դեպքում։

Տարիներ շարունակ դիզվառելիքի առաքման մրցույթներում հաղթել է նույն ընկերությունը` «Ֆլեշ» ՍՊԸ–ն` Հայաստան նավթամթերքի երկու խոշորագույն ներկրողներից մեկը (պատկանում է խոշոր գործարար Բարսեղ Բեգլարյանին)։ Իսկ ազոտային պարարտանյութերի մրցույթներում հաղթել է «Մասիսի պտղաբերություն» ընկերությունը, որը պատկանում է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին։

Համաձայն ծրագրի` գյուղացիներին բաժանել են մի քանի հազար տոննա դիզելային վառելիք։ Օրինակ`2012թ.-ին` 12,6 հազար տոննա, 2013թ.–ին` ավելի քան 17 հազար տոննա։ Նույն 2013-ին ծրագրով չեն օգտագործել 3,3 հազար տոննա, բայց 298 միլիոն դրամ սուբսիդիան բյուջե չեն վերադարձրել։

«Խաղի կանոնները» խախտվել են, կամ նախազգուշական քայլ Սերժ Սարգսյանի համար

Ավելի ուշ` Կարեն Կարապետյանի կառավարության օրոք, վառելիքի գնումը կրճատել են, իսկ չծախսված գումարները վերադարձրել են բյուջե։ Այսպես` 2016թ.-ի արդյունքներով ծախսվել է 5 հազար տոննա, 330 միլիոնից տնտեսել են 24 միլիոն դրամ։

Գեղարքունիքի մարզի նախկին մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը հիշում է, որ վառելիքը բաժանել են գյուղացիներին ըստ դիմումների։ Այդ դիմումները գյուղապետները հավաքել են և ուղարկել մարզպետարան, որն էլ տվյալներն ուղարկել է գյուղատնտեսության նախարարություն։

«Իսկ աշնանը, երբ վճարել են վառելիքի համար, մենք արդեն ոչ մի գործառույթ չենք կատարել։ Գյուղապետները գումար են հավաքել գյուղացիներից և փոխանցել առաքող ընկերության բանկային հաշիվներին», – նշեց Գրիգորյանը։

Սերժ Սարգսյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, նրա հետ առերեսում է եղել

2018թ–ին` իշխանափոխությունից հետո, այդ ծրագրերը որոշել են չեղյալ համարել։ Ընդ որում, այդ որոշումն ընդունել է այն ժամանակվա գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը, որը ներկայացնում է «Դաշնակցությունը»։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայնել է այդ որոշման հետ։

«Ես տեսա, որ ծրագիրը տնտեսական արդյունք չի տալիս և որոշեցի հրաժարվել դրանից», –Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց Խաչատրյանը։

Դեռ Կարեն Կարապետյանի կառավարության օրոք գյուղատնտեսությունն էքստենսիվից (այսինքն` ավանդականից) սկսել են փոխել ինտենսիվի (այսինքն` նոր տեխնոլոգիաների կիրառմամբ)։ Այժմ այդ աջակցության ծրագրերը հետևողականորեն զարգանում են։ Ներկա իշխանությունների կարծիքով` որքան շատ գնել գյուղացու փոխարեն, այնքան շատ կլինեն կոռուպցիոն ռիսկերը։ Գյուղացուն պետք է աջակցություն տրամադրել, իսկ թե նա ինչ կգնի այդ միջոցներով, պետք է որոշի նա ինքը։

«Սաղ հեղափոխությունը նրա համար էր...». ի՞նչ կապ ունի Սերժ Սարգսյանը «ժեշտի կուզովների» հետ

Դեկտեմբերի 4–ին հայտնի դարձավ, որ ՀՔԾ–ն Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` յուրացնելու կամ վատնելու համար։ Ըստ ՀՔԾ–ի` ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ` պաշտոնատար մի խումբ անձինք պետությունից հափշտակել են ընդհանուր առմամբ 489.160.310 ՀՀ դրամ։

Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: