ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի, Sputnik. 2020թ.-ին Սպիտակի երկրաշարժից տուժած 226 ընտանիք բնակարան կունենան. պետբյուջեից բնակարանների ձեռքբերման համար տրամադրվել է երեք մլրդ դրամ: Այս մասին այսօր` դեկտեմբերի 5–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ քաղաքաշինության կոմիտեի բնակֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանը:
«Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանն ուղղված պետական աջակցության բնակապահովման 2008-2020թթ. ծրագրի շահառու են ճանաչվել Լոռու, Շիրակի և Արագածոտնի մարզի 5396 ընտանիք: Մինչև 2020-ը պետք է լուծվեր բոլոր շահառուների բնակարանների խնդիրը, վստահ եմ, որ ժամկետների մեջ կտեղավորվենք»,-ասաց նա:
Գյումրիում անօթևանները տուն կունենան փազլի շնորհիվ. առաջին կտորները գնել է Փաշինյանը
Ինչ վերաբերում է տնակներին, ապա դրանց թիվը կազմում է 7219-ը։ Դրանք ավտոտնակներ են, վագոն-տնակներ, քարաշեն կառույցներ: Կան տնակներ, որոնք, ըստ Արզումանյանի, առևտրային նպատակներով են օգտագորվում՝ վարսավիրանոց են, մրգի խանութներ: Սակայն այդ տնակների գերակշիռ մասը՝ 99 տոկոսը, բնակության համար են օգտագործում:
«Տնակներում ապրողների զգալի մասը երկրաշարժի հետևանքով տուժածներն են, սակայն նրանց մեջ կան մարդիկ, որոնք բնակարան են ձեռք բերել ու վաճառել: Մյուս կողմից էլ, կան մարդիկ, որոնք իսկապես երկրաշարժի հետևանքով կորցրել են բնակարանները, բայց բնակարան ստանալու համար սահմանված ժամկետներում չեն դիմել պետությանը»,-ասաց նա:
Արզումանյանը նշեց նաև, որ այդ տնակներում ապրում են նաև մարդիկ, որոնք ներքին միգրացիայի հետևանքով են այնտեղ տեղափոխվել։ Կան նաև այնպիսիք, որոնք ընտանեկան խնդիրների պատճառով են տեղափոխվել այդ տնակներում ապրելու:
Sputnik Արմենիայի հարցին, թե կա՞ հաշվարկ՝ տնակներում ապրողներից քանի ընտանիք է երկրաշարժից տուժել ու չի հասցրել դիմել բնակարան ստանալու համար, և արդյո՞ք պետությունը նրանց որևէ կերպ չի փոխհատուցելու՝ Արզումանյանը պատասխանեց, որ նման հաշվարկ կա, բայց հիմա թվեր չի հրապարակի:
Չարաշահումներ`անօթևաններին բնակարան տալու գործընթացում. 4 անձի մեղադրանք է առաջադրվել
«Նման ընտանիքների հանդեպ պետությունը պարտավորություն կունենա, սակայն դա կլինի փուլ առ փուլ: Մենք հիմա էլ ուսումնասիրում ենք տնակներում ապրողների կարգավիճակը»,-իր խոսքն ամփոփեց Արզումանյանը:
Հիշեցնենք, որ այս տարի Սպիտակի երկրաշարժից տուժած 288 ընտանիք է բնակարանով ապահովվել: Ընդհանուր առմամբ, լուծվել է 4838 ընտանիքի բնակարանային խնդիրը: