Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը 1990-ական թվականներին առնչվող հանցագործություններին անդրադառնալու հավանականության մասին խոսել է դեռ 2013 թվականին ԱԺ հարցուպատասխանի ժամանակ: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Զուրաբյանը։
«Մենք դեռ այն ժամանակ բացահայտել էինք այս կոռուպցիոն գործարքը: Ընդհանրապես խորհուրդ կտայի ՀՔԾ-ին և Քննչական վարչությանը հերթով նայել ՀԱԿ խմբակցության բոլոր ելույթները` 2012-ից մինչև 2017 թվականը, որովհետև դրանց բովանդակությունը հիմնականում վերաբերվել է հենց կառավարության կոռուպցիոն բնույթին և նրանց գործարքներին»,- նշեց նա:
ՀԱԿ փոխնախագահը հավաստիացնում է, որ իրենք ունեն բազմաթիվ բացահայտումներ, իսկ սա ընդամենը մի փոքր դրվագ է: Կան շատ ավելի մեծ գործեր, որոնց մասին իրենք ժամանակին խոսել են: Օրինակ՝ գազից կուտակված ապօրինի 300 մլն դոլարի պարտքը, «Հյուսիս-հարավի» չարաշահումները, որոնք հասնում են մոտ կես միլիարդ դոլարի:
«Քոչարյանին դատել են» վանկարկող մարդիկ քայլերթ են սկսել Երևանում. Զուրաբյանը նրանց թվում է
Այդ և մյուս կոռուպցիոն գործերի մասին ՀԱԿ-ը 2012 թ.-ին կառավարությանը ներկայացրել է 70 էջանոց զեկույց:
Պատասխանելով այն դիտարկմանը, որ ստուգումները կարող են վերաբերվել 1990-ական թվականներին տեղի ունեցած իրադարձություններին, և այդ ալիքը կարող է հասնել ՀՀ առաջին նախագահին, Զուրաբյանը ասաց` իրենք ողջունում են 1990-ական թվականներին կատարված հանցագործությունները քննելու որոշումը, որովհետև շատ լավ կլինի, որ յուրաքանչյուր ոք իր կատարածի համար պատասխան տա, իսկ Տեր-Պետրոսյանի պարագայում, ըստ Զուրաբյանի, պետք է լինի կոնկրետ արարք, որպեսզի այն քննության առարկա դառնա:
Զուրաբյան. «Քաղաքական դաշտի արձագանքը ադրբեջանական սպառնալիքին համարժեք չէ»