Մահացած զինծառայողի հարազատները բողոքի ակցիա են իրականացնում ԱԺ շենքի դիմաց. տեսանյութ

Մահացած զինծառայողի վրդովված հարազատներին մոտեցավ ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի — Sputnik. Հայաստանի խորհրդարանի դիմաց այս պահին բողոքի ակցիա է ընթանում։ Դեկտեմբերի 2–ին Արցախում մահացած զինծառայողի հարազատներն են եկել ԱԺ շենքի դիմաց և պահանջում են արդարադատություն` նշելով, որ իրենց տղային սպանել են։

Եթե կոնֆլիկտ ունենային, նույն դիրքում չէին հերթապահի. Բալայանը` սահմռկեցուցիչ դեպքի մասին

Հիշեցնենք` դեկտեմբերի 2-ին՝ ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արթուր Իշխանի Աջամյանը։ Զինծառայող, 1999թ. ծնված Դավիթ Հարությունի Մելիքբեկյանը վիրավորվել է։

Բողոքի ակցիայի մասնակիցներին մոտեցավ ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Զոհված զինծառայողի վրդովված հարազատներին Քոչարյանը վստահեցրեց, որ իրենց հանձնաժողովը ճշմարտության բացահայտման համար ամեն ինչ անելու է։

«Սա ամենաահավոր բանն է, որ կարող է բանակում տեղի ունենալ։ Սրանք տարիների կուտակված դրսևորումներն են, բանակում պետք է արմատախիլ արվեն այն երևույթները, որոնք հանգեցնում են նման իրավիճակների»,–ասաց նա։

Զինվորը հենակետում պետք է զգա կառավարության, ժողովրդի, hայրենիքի ներկայությունը. Փաշինյան

Արթուր Աջամյանի հորեղբայրը` Ջամալ Աջամյանը, շարունակում էր պնդել, որ եթե հետաքննություն է գնում, ինչու են ինքնասպանության պիտակ կպցնում մեր զինծառայողին։ «Եղել է սպանություն, կա երրորդ մարդ։ Ուզում ենք վիրավորին տեսնել»,–ասում էր նա։

Մահացած զինծառայողի մայրը լրագրողների հետ զրույցում արցունքախառն աչքերով պահանջում էր, որ գտնեն ու բերեն իր տղային սպանողին։ «Ես ուզում եմ իմանամ` ինչի են իմ երեխուն սպանել»,–գոռում էր նա։

Մահացած զինծառայողի հարազատները բողոքի ակցիա են իրականացնում ԱԺ շենքի դիմաց. տեսանյութ

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեում դեկտեմբերի 2–ի դեպքի հետ կապված ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Սպանություն) քրեական գործ է հարուցվել։