Բրեժնևից մինչև Պուտին. Կրեմլի խոհարարը վարպետության դաս անցկացրեց Երևանում. տեսանյութ

Վիկտոր Բելյաևը Երևանում պատմեց Եկատերինայի սիրելի կաղամբապուրը (շչի) եփելու ու մատուցելու նրբությունները։ Պարզվեց, որ նա սիրում և կարողանում է պատրաստել նաև հայկական ուտեստներ։
Sputnik

Ռուսաստանի խոհարարների ազգային ասոցիացիայի նախագահ Վիկտոր Բելյաևը կրեմլյան խոհանոցում աշխատել է ավելի քան երեք տասնամյակ, կերակրել ռուսաստանյան բոլոր առաջնորդներին` Լեոնիդ Բրեժնևից մինչև Վլադիմիր Պուտին։ Ռուսական խոհարարական շաբաթվա շրջանակում Բելյաևը վարպետության դաս անցկացրեց Երևանում և պատմեց` ինչպես է պետք եփել կաղամբապուրը, և ինչու պետք է այն մատուցել հնդկացորենի կարկանդակով։

Ի՞նչն է խանգարում բիզնեսի զարգացմանը. ռուս ռեստորատորը Երևանում բացեց փակագծերը

Բելյաևը նախ ներկայացրեց ուտեստի պատմությունը։ Ինչպես պարզվեց, այն շատ է սիրել Եկատերինա Մեծ կայսրուհին, և նրա համար հաճախ են պատրաստել այդ կերակրատեսակը։ Սակայն այսօր էլ ռուսաստանցիները հաճույքով մատուցում են այդ ուտեստը, թեև բուռն տոնակատարություններից հետո։

«Շչին շատ նման է հայկական խաշին։ Ես Ամանորին շատ եմ սիրում պատրաստել շչի կամ խարչո, քանի որ լավ սթափեցնում է խմիչքի կամ ուտելիքի չարաշահումից հետո», – խոստովանեց նա։

Բելյաևը պատմեց, որ իր հայ ընկերների շնորհիվ քաջածանոթ է խոհանոցին և կարողանում է տոլմա պատրաստել և լավաշ թխել։ Նա սիրում է բարդ խոհանոց և չի հասկանում` ինչպես կարելի է դասական ուտեստները փոխարինել ռուկոլայով և ծովախեցգետնով։ Իրեն դասական խոհարար է համարում, որը կարողանում է աշխատել խմորի հետ և չի սիրում մայոնեզի համը։

Ռուսական խոհարարական շաբաթը Հայաստանում մեկնարկել է դեկտեմբերի 2-ին և կտևի մինչև ամսի 6–ը։ Միջոցառման կազմակերպիչը Միջազգային էնոգաստրոնոմիական կենտրոնն է` Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարության, «Ռոսսոտրուդնիչեստվոյի» և ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանության աջակցությամբ: Միջոցառմանն աջակցում են նաև ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունը, ՌԴ խոհարարների ազգային ասոցիացիան, Ռուսաստանի ռեստորատորների և օտելյերների ֆեդերացիան, ինչպես նաև Ռուսաստանի այլ առաջատար ասոցիացիաներ ու միավորումներ։  Հայկական կողմից նախագծին աջակցում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեն, Mazmanyan Solutions–ը և հայաստանյան մասնագիտացված կազմակերպություններն ու միավորումները։

«Հոտնկայս ծափահարում էին». Մադրիդի հայկական ռեստորանի տիրուհին խոհարարական դասեր է տալիս