ՀԱՊԿ աշխատանքների արդյունավետության բարձրացման համատեքստում արդյունավետության բարձրացման ուղղությամբ նախապես հայտարարված քայլերն այդպես էլ տեսանելի չեղան, ու Հայաստանի վարչապետի կողմից չներկայացվեց հստակ ճանապարհային քարտեզ: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։
«Կառույցի ներսում երկրները դեռ պետք է կողմնորոշվեն իրենց դաշնակիցներին առնչվող կարևոր հարցերում, որովհետև միջազգային ատյաններում հաճախ քվեարկությունների ժամանակ արտացոլվում է տրամագծորեն հակառակ պատկերը: Երկակի չափանիշների գործելակերպը բնորոշ է ոչ միայն ՀԱՊԿ անդամ որոշ երկրներին, այլև մյուս բոլոր ռազմաքաղաքական դաշինքներում ներգրավված երկրներին»,- նշում է Արմեն Բադալյանը։
Քաղտեխնոլոգի դիտարկմամբ՝ եթե չկա փոխհարաբերությունների զարգացման հայեցակարգը, որում պետք է գնահատված լինեն ՀՀ անվտանգության ցուցիչները` արդյունավետության մասին խոսելն ավելորդ է: Հայաստանը պետք է արտաքին քաղաքական ու անվտանգության խնդիրներին մոտենա համակարգաստեղծ սկզբունքով:
ՀԱՊԿ–ի գովազդն եմ անում. Բիշքեկում Փաշինյանի պատասխանը զարմացրեց լրագրողին. տեսանյութ
Արմեն Բադալյանը խիստ կասկածամտորեն է վերաբերվում ՀԱՊԿ կազմում Ադրբեջանի ներգրավվելու հեռանկարին, որովհետև այդ հարցն Ադրբեջանի համար ավելի շուտ քաղաքական սակարկության պայմաններում ինչ-որ բան կորզելու թեմա է: Բացի այդ, կա նաև Թուրքիայի ազդեցությունը և «մեծ եղբոր» կարծիքի հետ հաշվի նստելու հանգամանքը: