ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի — Sputnik. Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը հրապարակել է քաղաքապետարանին տրված նվիրատվությունների ցանկը, ըստ որի «Ալեքս ընդ հոլդինգ» ՍՊԸ–ն 3 «ԿամԱԶ» է նվիրել քաղաքապետարանին։ Կարապետյանը ցանկը հրապարակել է Facebook–ի իր էջում։
Ավելի վաղ «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հայտնել էր, որ գործող իշխանությունը խոշոր գործարար Սամվել Ալեքսանյանին այլևս չի ընդունում որպես նախկին «հանրապետական գործարարի», ուստի ավելի քան հստակ է, որ հենց Ալեքսանյանն է քաղաքին նվիրաբերել երկու տասնյակ «ԿամԱԶ»-ները: Դրան հաջորդել էր Կարապետյանի հերքումը` քաղաքապետարանը Սամվել Ալեքսանյանից առհասարակ նվեր չի ստացել։
«Հաշվի առնելով վերջին օրերին մամուլի հետաքրքրությունը հարցի շուրջ և ձգտելով կասեցնել տարատեսակ շահարկումների հոսքը` հրապարակում ենք այն անհատների ու կազմակերպությունների անունները, որոնց հետ այս պահի դրությամբ առկա են գույքի նվիրաբերման պայմանագրեր: Մի շարք այլ կազմակերպությունների կողմից գույքի (տեխնիկա, բնակմակերես և այլն) նվիրաբերման գործընթացը այս պահին դեռ չի ավարտվել»,– գրել է Կարապետյանը։
Աշխատավարձի աճ, նոր ծրագրեր. Մարությանի խոսնակն ասել է` ինչ սպասել 2020–ին Երևանի բյուջեից
Բացի «Ալեքս ընդ հոլդինգ» ՍՊԸ–ից, քաղաքապետարանին նվիրաբերություններ են կատարել Սարգիս Խուրշուդյանը և Հայրապետ Հովհաննիսյանը` նվիրելով 3 հատ ֆուրգոն, «Ն և Ս Քոնսթրաքշն ՍՊԸ–ն` 14 «ԿամԱԶ» , ՀՀ–ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանությունը` 1 «ԿամԱԶ», «Էյչ բի Էմ գրուպը»` 1 «ԿամԱԶ»։
Կարապետյանը խոստացել է մյուս նվիրատուների անունները հրապարակել` պայմանագրերի ստորագրումից հետո:
Նա հայտնել է նաև, որ Երևանի քաղաքապետը մտադիր է տարեմուտից առաջ ամփոփել այս նվիրատվությունները և շնորհակալագրեր, պատվոգրեր հանձնել սոցիալական բարձր պատասխանատվություն դրսևորած անհատներին ու կազմակերպություններին:
Նոր վերելակներ` հին շենքերում. քանի շենք կարժանանա այդ բախտին
Կարապետյանն ավելի վաղ ասել էր, որ 50 աղբահավաք մեքենաներից 35-ը գնվել են պետության գումարներով, նվեր են ստացել 15-ը, բայց թե որ կազմակերպությունները կամ ովքեր են նվիրատուները, նա այդ պահին չէր ցանկացել բացահայտել։
«Այ էսքա՜ն տառականներ են». ինչ պայմաններում են առևտուր անում Երևանի գետնանցումներում