Գևորգ Կոստանյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Գևորգ Կոստանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի — Sputnik. ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը:

«Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար»,-հայտնեց Օհանջանյանը:

«Եկեք սպասենք». Խաչատրյանը` Գևորգ Կոստանյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին

Հիշեցնենք, որ Գևորգ Կոստանյանը դեռևս սեպտեմբերին «Մարտի 1–ի» գործով հրավիրվել էր հարցաքննության, սակայն ՀՔԾ–ն հայտնել էր, որ Կոստանյանն արտերկրում է և կվերադառնա 15-20 օրից։ Նա «Մարտի 1»–ի գործով ներգրավվել է որպես մեղադրյալ։

Ավելին՝ հոկտեմբերի 21–ին ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Կոստանյանը խոստացել է եկող ամսվա սկզբին ներկայանալ Հատուկ քննչական ծառայություն:

Կոստանյանի անունը շրջանառվում էր ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի շրջանակում։

Փորձ է արվում Մարտի 1–ի քրգործում հնարավորինս մեծ թվով հնչեղ անուններ ներգրավել. Կոստանյան

Ըստ այդ մեղադրանքի` 2008–ի մարտի 1-ին և 2-ին Երևանում տեղի ունեցած իրադարձություններից հետո Գևորգ Կոստանյանը և Գևորգ Մհերյանը պահանջել են հետին ամսաթվով կազմել և շրջանառության մեջ դնել մարտի 1-ին և 2-ին ոստիկանության կատարած գործողությունների իրավաչափությունը հիմնավորող փաստաթղթեր:

Կոստանյանը կարող է միլիոն գիրք կարդալ, բայց պետք է ներկայանա նախաքննական մարմին. Քոչարյան

Նոյեմբերի 26-ին Գևորգ Կոստանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում իր դեմ հարուցված քրեական գործի վերաբերյալ ասել էր, որ մեկ տարի գտնվել է Հայաստանում այն պահից սկսած, երբ իրեն վկայի կարգավիճակով կանչել են հարցաքննության, և դրանից հետո իր նկատմամբ որևէ գործողություն չի իրականացվել: Այդ ընթացքում պայմանագիր է կնքել ՌԴ դատախազության համալսարանի հետ՝ տեղում դասախոսելու նպատակով:
Գևորգ Կոստանյանի փոխանցմամբ՝ ուսումնական կիսամյակը վերոհիշյալ բուհում կավարտվի դեկտեմբերի վերջին, իսկ առավելագույնը հունվարի 6-ին կավարտվի քննական շրջանը, ինչից հետո նոր կվերադառնա Հայաստան:

Գևորգ Կոստանյանը 2006 թ. մարտի 14-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ և այդ պաշտոնը զբաղեցրել է մինչև 2008 թ. հուլիսի 2-ը: 2008 թ. հուլիսին ՀՀ Նախագահի կարգադրությամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնական, ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի մոնիտորինգի հանձնաժողովի նախագահ։ 2011 թ. հունվարի 12-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ: