ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի — Sputnik. Մի քանի տասնյակ ավտոներկրողներ բողոքի ակցիա են կազմակերպել Պետեկամուտների շենքի մոտ` խաթարելով Երևանի Խորենացի փողոցի երթևեկությունը։
Ակցիայի մասնակիցները մի քանի պահանջներ առաջադրեցին ՊԵԿ–ին և երկրի ղեկավարությանը։ «Պահեստազորայինների միության» անդամ, «Իրավունքի սահման» ՍՊԸ տնօրեն Գևորգ Հովհաննիսյանը հայտարարեց, որ ցուցարարները պահանջում են հանդիպել երկրի ղեկավարության հետ` հարկայինի աշխատանքից իրենց բողոքն անձամբ հայտնելու համար։ Առաջին հերթին նրանց անհանգստացնում է մաքսատունը Գյումրի տեղափոխելը։
«Գյումրու մաքսատունն արդյունավետ չի աշխատում։ Ինչո՞ւ պետք է անհատ ձեռներեցների մեքենաները հասնեն Գյումրի, առավել ևս, որ, օրինակ, «Ապավեն» ընկերությունը դա չի անում։ Բացի դրանից, այնտեղի մաքսատունը պատրաստ չէ նման ծավալի սպասարկում իրականացնելուն»,–ասաց Հովհաննիսյանը։
Ավելին, նրա խոսքով` բեռնաթափելիս ավտոմեքենաները վնասվում են, քանի որ այդ գործընթացով զբաղվում են ոչ պրոֆեսիոնալ կերպով։ Հսկայական խցանումներ են գոյանում, տարրական սանիտարահիգիենիկ պայմանների խնդիրներ կան, զուգարաններ չկան։
«Մենք ասում ենք` օգտագործեք Հայաստանի բոլոր հնարավոր մաքսակետերի պոտենցիալը։ Պետք չէ արհեստական կերպով տեղափոխել մարդկանց։ Չի կարելի փակել Նորագավիթի մաքսակետը. պետք է օգտագործել նաև մյուս տերմինալները»,–նշեց Հովհաննիսյանը։
Ներկրված ավտոմեքենաները կվաճառվե՞ն, թե՞ ներկրողները կմնան վարկերի տակ
Երկրորդ հարցը աջ ղեկով ավտոմեքենաների ներկրումն արգելելն է։ Նրա խոսքով` ղեկը փոխելու հարցում շահում է Վրաստանը։ Ընդ որում, այդ աշխատանքը հիմնականում կատարում են տեղի ադրբեջանցիները։
Այդ պայմաններում, եթե տարեսկզբին ղեկն աջից ձախ փոխելու արժեքը կազմում էր մոտ 700 դոլար, ապա հիմա Հայաստանում արգելքների պատճառով այն աճել է, և մինչև տարեվերջ ավելի քան երկու անգամ կավելանա։
Հովհաննիսյանի հաշվարկներով` Հայաստանն այս տարի կկորցնի մոտ 10 միլիոն դոլար։ Դրա փոխարեն հայկական իշխանությունը կարող էր թույլ տալ փոխել ղեկը մարզերից մեկում, օրինակ, Տավուշում` հաշվի առնելով կառավարության հայտարարությունները մարզերի հավասարաչափ զարգացման մասին։
Նրա խոսքով` կառավարությունը և խորհրդարանը չեն կատարում սահմանադրության կետը ձեռնարկատիրական միջավայրը բարելավելու, զբաղվածություն ապահովելու մասին։ Ավելին` հակառակն են անում։
«Ստացվում է, որ նույնիսկ զբաղված մարդիկ են աշխատանք կորցնում», – ասաց Հովհաննիսյանը։
Նրա խոսքով` երրորդ խնդիրն այն է, որ Ղազախստանի քաղաքացիները, նույնիսկ չգալով Հայաստան, անհասկանալիորեն ստանում են տեղի գրանցում և մեքենաներ ներկրում Վրաստանից և ԱՄԷ–ից` շրջանցելով տեղի տնտեսվարող սուբյեկտները։
Եվս մեկ խնդիր է փոփոխությունների հակադարձ ուժը (ընդունված դեռ 2018թ.–ին) ԱԱՀ հաշվարկի մեխանիզմում։ Եթե նախկինում ԱԱՀ–ն հաշվարկվում էր առանց մեքենայի ինքնարժեքի, ապա հիմա այն կիրառվում է գործարքի ամբողջ գումարի նկատմամբ։
Լավ լուր ներկրողների համար. հունվարին հնարավոր կլինի մեքենա ներկրել գործող դրույքաչափով
«Հիմա կան 40 քրեական գործեր և ևս մոտ 300 վարչական գործեր ձեռներեցների դեմ, որոնք գործարքներ են կատարել 2017-2018թթ.–ին։ Մենք դատարան կդիմենք հարյուր և ավելի գործերով», – ասաց Հովհաննիսյանը։
Լրագրողների հետ նրա հետ զրույցի ընթացքում ցուցարարների մոտ դուրս եկավ ՊԵԿ մամուլի քարտուղար Լուսինե Մկրտչյանը, բայց ցուցարարների հետ զրույցը չստացվեց, և նա հեռացավ։
Ներկրողներից մեկը` Հայկազ Հակոբյանը, բողոքեց օտարեկրյա քաղաքացիների, մասնավորապես, Ղազախստանի քաղաքացիների հետ անհավասար պայմաններից։
Նրա խոսքով` մաքսազերծելիս Հայաստանի քաղաքացիներից պահանջում են սոցիալական քարտ, ID քարտ, դրա փոխարեն Ղազախստանի քաղաքացիները 5000 դրամով հանգիստ գրանցում են ստանում որևէ հայի մոտ և առանց լրացուցիչ թղթերի իրականացնում մաքսազերծումը և մնացած գործարքները։
«Հույս ունենք` ձյուն չի գա, և մենք կկարողանանք «քաչալ պոկռիկշակներով» Լենինական (Գյումրի,–խմբ) հասնել։ Բացի դրանից, տեսնում ես, որ հերթի կեսից ավելին ղազախստանցիներ են, որոնց ոչ մի սոցքարտ պետք չէ, որի համար մենք կրկին հերթ ենք կանգնում»,–դժգոհությամբ ասում է Հակոբյանը։
Նա նշում է, որ դա աննորմալ իրավիճակ է` ընդգծելով, որ ցանկացած երկրում, բացի Հայաստանից, տեղացիների համար ավելի քիչ վճարումներ են սահմանվում, քան արտասահմանցիների, և դա այդպես է «նույնիսկ կենդանաբանականում այգում»։
Մեկ այլ ներկրող` Վահեն, Sputnik Արմենիային բողոքեց, որ մեքենաները մաքսատանը չեն հսկվում, պատ չկա, դրանք գիշերը կարող են հեշտությամբ թալանել։
«Ավելին, Գյումրու ճանապարհը սարսափելի է։ Եթե որոշես այնտեղից բերել կցորդիչով մեքենայով` 70 հազար դրամի լրացուցիչ ծախս է։ Ինչպե՞ս բացատրել դա», – հարց է տալիս Վահեն։
Նա զարմանում է. երբ ավտոմեքենաները բեռնաթափելու կազմակերպության մրցույթ է հայտարարվել Գյումրիում, ոչ ոք այդ մասին չի իմացել։ Մեքենաները բեռնաթափելիս ջարդում են, վնասում, իսկ բեռնաթափողները նոր են սովորում, թե ինչպես դա անեն։
Գումարի վատնո՞ւմ, թե՞ անհրաժեշտություն. ինչ հարց է լուծելու Գյումրի տարած մաքսատունը
Բողոքի ակցիայի ընթացքում պարզվեց, որ ցուցարարների հետ պատրաստ է հանդիպել Հայաստանի ՊԵԿ ղեկավարի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը։ Sputnik Արմենիայի հարցին, թե ցուցարարները պատրա՞ստ են արդյոք հանդիպել ՊԵԿ–ի պաշտոնյայի հետ, նրանք հայտարարեցին, որ հարցը կարող է լուծել միայն Նիկոլ Փաշինյանը։ Առանձին հանդիպումների ժամանակ ՊԵԿ–ը նրանց մի քանի անգամ խաբել է։
Ցուցարարները կապ հաստատեցին ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանի հետ, որը նույնպես պատրաստակամություն հայտնեց մասնակցել ավտոներկրողների հետ ՊԵԿ ղեկավարության հանդիպմանը, եթե ներկա լինի նաև Փաշինյանը։
Ի դեպ, ակցիայի ընթացքում ոչ մեծ վիճաբանություն և քաշքշուկ ծագեց ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև։
Ցուցարարները վստահ են, որ հարցերը կարող է լուծել միայն Նիկոլ Փաշինյանը, որը հիմա Ղրղըզստանում է։ Նրանք պնդում են` ակցիաները շարունակական բնույթ են կրելու, և հաջորդ անգամ ավելի շատ մարդիկ կմիանան։
Հիշեցնենք՝ Գյումրիում ավտոմաքսատուն կառուցելու որոշումը կառավարությունը կայացրել էր 2019թ.–ի օգոստոսի 1-ին։ Ծրագիրը հիմնավորվում էր նրանով, որ մաքսային մարմինները չէին հասցնում սպասարկել Հայաստան ներմուծվող ավտոմեքենաների աննախադեպ ծավալները։
Ավտոմեքենաների մաքսազերծման գործընթացը Գյումրիում կազմակերպելու առաջարկն արել էր ՀՀ վարչապետը` Արարատյան մաքսատուն այցելության ընթացքում։