Ինչու է 1 տարվա ընթացքում Քոչարյանի գործով դատախազի դիրքորոշումը փոխվել. պարզաբանում

Կարեն Բիշարյանը մեկ տարի առաջ կարծում էր, որ Քոչարյանին հարցաքննելու կարիք չկա։ Այժմ, սակայն, նա Քոչարյանի գործով որպես մեղադրող դատախազ է ներգրավվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի — Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների դեմ քրգործով մեղադրող դատախազ Կարեն Բիշարյանը համաձայն չէ Քոչարյանի պաշտպանների այն դիտարկմանը, թե մեկ տարի առաջ և այսօր բոլորովին այլ կարծիքներ ունի Քոչարյանի մասին։ Այս մասին ասաց Բիշարյանը` Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի ժամանակ:

«Դու ձենդ կտրիր». «Մարտի 1-ի» դատավարությանը փաստաբանն ու դատախազը վիճեցին

Ինչպես արդեն հայտնել էինք, Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանն ասել էր, որ 2018թ–ի փետրվարի 23-ին, ԱԺ–ում հրավիրված մարտի 1-ի քննարկումների ժամանակ, պատասխանելով հարցին` արդյո՞ք ՀՀ նախկին նախագահի, գեներալների ու ավելի բարձր դիրք ունեցող անձանց վերաբերյալ քրեական գործով ընթացք տալու ու նրանց որպես մեղադրյալ ներգրավելու հիմքեր չկան, Կարեն Բիշարյանն ասել էր, որ նման հիմքեր առկա չեն ու նրանց նույնիսկ որպես վկա ներգրավելու կարիք չկա։

«Ես ոչ թե ասել եմ Քոչարյանին հարցաքննելու հիմք չկա, այլ ասել եմ, որ որևէ անձի` նաև Քոչարյանին քրեական գործով հարցաքննելը չի կարող ինքնանպատակ լինել։ Անձին որպես վկա կամ որևէ այլ կարգավիճակով հարցաքննելու համար հիմքեր են պետք։ Ես պնդել եմ, որ քննության այս փուլում  նման հիմքեր չկան»,–պարզաբանեց Բիշարյանը։

Փաստաբանների պալատում Ռոբերտ Քոչարյանի փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթ են հարուցել

Նրա խոսքով` իր դիրքորոշումը հիմա փոխվել է, քանի որ փոխվել են գործով ձեռք բերված փաստական տվյալները։ Ըստ Բիշարյանի` իր դիրքորոշումը հիմնված է եղել ու հիմա էլ հիմնված է գործով ձեռք բերված փաստական տվյալների վրա, և երբևէ կողմնակալ չի եղել։ Ըստ նրա` իրեն ներկայացված բացարկի միջնորդությունն անհիմն է։

Ինձ համար տհաճ է կանգնել այստեղ ու փորձել համոզել, որ չեմ փախչելու. Ռոբերտ Քոչարյան

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ երկրորդ նախագահ, «Մարտի 1-ի» գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները դատախազին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին։ Դատարանն այժմ քննում է այդ հարցը։