Նոր վերելակներ` հին շենքերում. քանի շենք կարժանանա այդ բախտին

Վերելակները կահավորված են տեսողության խնդիրներով մարդկանց համար ընթեռնելի սեղմակներով, ձայնային ազդանշանային համակարգով, իսկ սեղմակների վահանակները տեղադրված են համապատասխան բարձրության վրա, որպեսզի սայլակով մարդիկ կարողանան օգտվել դրանցից:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի — Sputnik. Երևանում մեկնարկել է բազմաբնակարան շենքերի հին վերելակների փոխման գործընթացը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։

«Այս օրերին տասը վարչական շրջանների 20 բազմաբնակարաններում վերելակները փոխարինվում են»,–տեղեկացրել է նա:

Բելառուսը գիտի` ինչով ու ինչպես փոխարինել երևանյան շենքերի «մահացու վերելակները»

Համաձայն գրառման` վերելակների տեխնիկական բնութագրերում ընդգծված է դրանց ներառականության սկզբունքը. վերելակները կահավորված են տեսողության խնդիրներով մարդկանց հարմար ընթեռնելի սեղմակներով, ձայնային ազդանշանային համակարգով, իսկ սեղմակների վահանակները տեղադրված են համապատասխան բարձրության վրա, որպեսզի սայլակով մարդիկ կարողանան օգտվել դրանցից:

Երևանի վերելակների 70 տոկոսը 40 տարեկան և ավելի հին են: Փոխարինման ենթակա շուրջ 3500 վերելակ կա: «Ներկայումս քաղաքապետարանը փորձնական ծրագիր է իրականացնում: Հիմնական ֆոնդը փոխարինվելու է փոխառու միջոցներով»,–գրել է նա:

Ի՞նչ վիճակում են Երևանի շենքերի վերելակները. ԱԻՆ–ը ստուգումներ է անցկացրել

Հիշեցնենք, որ հունիսի 26–ին Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը ասել էր, որ սեպտեմբեր–հոկտեմբեր ամիսներին 10 վարչական շրջաններից յուրաքանչյուրում 2 նոր` եվրոպական չափանիշների համապատասխան վերելակներ կգործարկեն։ Նրա խոսքով` դրանք ծիծեռնակը կլինեն այն 3500 վերելակների փոխարինման պրոցեսի, որը նախատեսում են սկսել 2020–ին։

Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ` մայիսի 10–ին, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ասել էր, որ իրենք կփոխարինեն վերելակը, իսկ բնակիչները տարիների ընթացքում գումարը կվճարեն։ Նման մոտեցումը բազմաթիվ քննարկումների տեղիք էր տվել։