ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի — Sputnik, Կարինե Հարությունյան. Աբովյան 10 հասցեում գտնվող այսօր հրդեհված շենքը ժամանակին գրանցված է եղել պատմամշակութային արժեքների ցանկում, բայց այդ ցանկից այնքան կառույցներ են տարեցտարի հանել, որ պարզ չէ` ինչ է մնացել այնտեղ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Երևանի Աբովյան և Պուշկինի փողոցների խաչմերուկում՝ երկհարկանի շինության տանիքում, ժամը 14–ին շրջանում հրդեհ էր բռնկվել։ Այն մարվել էր ժամը 17–ին. հայտարարվել էր հրդեհի բարդության` «Թիվ-3» կանչ։
«Ժամանակին ուզում էին այդ շենքի նկուղն օգտագործել ինչ–ինչ նպատակների համար, սակայն չթույլատրեցին, քանի որ պատմամշակութային արժեք էր շենքը։ Խնդիրն այն է, որ 2001–ին 1600 հուշարձան հանվեց այդ ցուցակներից, օրինակ` «Հրազդան» մարզադաշտը, «Ռոսսիա» կինոթատրոնը, ու հիմա պարզ չէ` ինչ են թողել այդ ցուցակներում»,–ասաց ճարտարապետը` հավելելով, որ տեղյակ չէ` Աբովյան 10–ը նույնպե՞ս հանել են այդ ցանկից։
Նրա խոսքով` հուշարձանները հանել են պատմամշակութային արժեքների ցանկից, որպեսզի վաճառեն կամ քանդեն, այլ բան կառուցեն։
Ինչու են Դալմայում քանդել գինու հնձանը. քաղաքապետարանը մեղադրում է նախկիններին
Մուշեղյանը նշեց, որ անվանի երկրաբան Աշոտ Ասլանյանը 1966–ին, երբ կրթության նախարար էր նշանակվել, որոշեց նստել Աբովյան 10 հասցեում գտնվող շենքում։ Ավելին, շենքի նկուղն այդ տարիներին վերածվել էր երկրաբանական կենտրոնի. Աբովյան 10 հասցեում 71 տարի (1937-2008 թթ.) եղել է մեծ գիտնական, երկրաբան Հովհաննես Կարապետյանի անունը կրող Երկրաբանության թանգարանը։
«Եթե անգամ այդ շենքը հանել են հուշարձանների պահպանության ցանկից, ապա, միևնույն է, այն պետք է պահպանեն որպես Հին Երևանի մի մասնիկ։ Հին Երևանի այդ մի կտորն է մնացել, որ նման է Երևանին, քանի որ մնացած շենքերն արդեն այլանդակել են»,–ասաց նա։
Ճարտարապետ Հրաչյա Պողոսյանը նույնպես նշեց, որ տեղյակ չէ` 1870-ականներին կառուցված Աբովյան 10–ի շենքն ընդգրկված է հուշարձանների պահպանության ցանկում, թե ոչ, քանի որ վերջին տարիներին այդ ցանկից բավական կառույցներ են հանել։ Ըստ նրա` այն, որ այդ շենքը պետք է պահպանել` անխոս է։
«Այնքան բան հանեցին–մտցրին այդ ցանկ, որ հիմա ոչ ոք չգիտի` ինչ կառույցներ են մնացել այդ ցանկում։ Ավելին, վերջին տարիներին պատմամշակութային հուշարձանների պահպանման ցանկից ավելի շատ հանել են ինչ–որ կառույցներ, քան նորերն ընդգրկել»,–ասաց նա։
Մեզ հաջողվեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից ճշտել, որ շենքն ընդգրկված է հուշարձաների պահպանության ցանկում` որպես տեղական նշանակության հուշարձան։
Աբովյան 10–ի մասին որոնողական համակարգերում տեղեկություն փնտրելիս` անմիջապես հանդիպում ես ևս մեկ կարևոր տեղեկության` 1928–ին այնտեղ հյուրընկալվել է ռուս գրող Մաքսիմ Գորկին: Գրողն այնտեղ անցկացրել է մեկ գիշեր` հուլիսի 25-26-ը:
Հիշեցնենք, որ Երևանի Աբովյան-Պուշկին-Նալբանդյան փողոցների միջանկյալ հատվածը կառավարության որոշմամբ գերակա շահ է ճանաչվել 2008-ին: Տարածքը ձեռք է բերել «Լոկալ Դիվելոփըրզ» ընկերությունը, որը պատկանում է Սամվել Մայրապետյանին։ Ըստ նախագծի` ծրագրվում էր այդ տարածքում բազմաֆունկիցոնալ կառուցապատում իրականացնել՝ հյուրանոցից մինչև բնակելի շենքեր:
Երևանի Աբովյան փողոցի բնակիչները վստահ են` Աբովյան 10 հասցեում գտնվող երկհարկանի շենքի այսօրվա հրդեհը միտումնավոր է արվել։ Նրանց խոսքով` տարածքը հանրային գերակա շահ է ճանաչվել, և հիմա այրում են, որպեսզի հեշտ տիրանան այդ կառույցին: