Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի հետ երբևէ որևէ շփում չի ունեցել. 3–րդ նախագահի գրասենյակ

Ժամանակ առ ժամանակ որոշ լրատվամիջոցներ հասարակությանն անհիմն լուրեր են տարածում այս կամ այն ժամանակահատվածում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի միջև եղած շփումների մասին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի — Sputnik. Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի հետ երբևէ որևէ շփում չի ունեցել։ Այս մասին ասված է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի այսօր տարածած հայտարարության մեջ։

Սերժ Սարգսյանի փեսան մասնաբաժին չունի Հայաստանի խոշորագույն հանքավայրում. Պոլոսկով

Համաձայն հայտարարության` ժամանակ առ ժամանակ որոշ լրատվամիջոցներ հասարակությանն ապատեղեկացնող անհիմն լուրեր են տարածում այս կամ այն ժամանակահատվածում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի միջև իբրև թե եղած շփումների մասին:

«ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը պաշտոնապես հայտարարում է, որ Սերժ Սարգսյանը ո՛չ պաշտոնավարման ժամանակաշրջանում, ո՛չ պաշտոնաթողությունից հետո և ո՛չ որևէ այլ ժամանակահատվածում ուղղակի կամ անուղղակի շփում չի ունեցել հիշյալ անձնավորության հետ»,–ասված է հայտարարության մեջ։

Ներքաղաքական իրավիճակ, ԼՂ հակամարտության կարգավորում. Սարգսյանն ընդունել է ԱՄՆ դեսպանին

Հայտարարության հեղինակները որպես բացառություն հիշատակել են 2018 թվականի ապրիլի 22-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի հրապարակային և ընդամենը մի քանի րոպե տևած հանդիպումը։

Բադալյան. «Եթե գործող իշխանությունը ցանկանա ձերբակալել Սերժ Սարգսյանին` կանի դա»

Հիշեցնենք, որ «թավշյա հեղափոխության» օրերին ստեղծված անկառավարելի վիճակին լուծում գտնելու համար 2018 թվականի ապրիլի 22-ին Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում հանդիպեցին այդ ժամանակվա ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն ու ընդդիմադիր պատգամավոր, «Մերժիր Սերժին» բողոքի ակցիայի ղեկավար Նիկոլ Փաշինյանը։ Նրանց հանդիպումը, սակայն, տևեց մի քանի րոպե և ուղիղ հեռարձակում ունեցավ։ Ապրիլի 23–ին արդեն Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։