ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի - Sputnik. Գյումրու նոր ավտոմաքսատունը պատրաստ է ավտոքարշակների, իսկ նոյեմբերի 25-ից` նաև բեռնարկղերով ներմուծվող մեքենաների մաքսազերծումն աշխատանքներն իրականացնել: Այս մասին լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտնեց մաքսային ծառայության գնդապետ, ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը։
«Նոյեմբերի 25-ից Գյումրիում իրականացվելու է նաև բեռնարկղերով մեքենաների մաքսազերծումը: Երբ դա էլ այստեղ տեղափոխենք, կարող ենք ասել, որ մեքենաների մաքսազերծման ամբողջ գործընթացը տեղափոխեցինք Գյումրի»,-նշեց նա։
Գործընթացն ամբողջությամբ Գյումրի տեղափոխելու դեպքում, օրական այստեղ հնարավոր կլինի մոտ հազար մեքենա մաքսազերծել՝ ճիշտ այնքան, որքան ներկայումս հատում է սահմանը:
Թեև մաքսատան շինարարական աշխատանքները դեռ ամբողջովին չեն ավարտվել, սակայն մեծությամբ ու աշխատակիցների թվով եզակի մաքսատանը ծառայությունից օգտված քաղաքացիները գոհ են. նրանց խոսքով` այստեղ կարողացել են կարճ ժամանակահատվածում ու առանց քաշքշուկի մաքսազերծել իրենց մեքենաները:
«Շատ նորմալ ու արագ են սպասարկում: 3 պատուհանը միասին 20-25 րոպե տևեց, որից անմիջապես հետո բանկային վճարումը տեղում կատարեցի: Ամբողջ մաքսազերծման գործընթացը կես ժամ տևեց»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց Անահիտ Խալաթյանը։
Քաղաքացին վստահեցրեց` առիթ ունեցել է հյուսիսային՝ Գյումրիի հին մաքսատանը, ևս ավտոմեքենա մաքսազերծել։ Այնտեղ հերթերն էին փոքր-ինչ շատ, այստեղ` սպասարկող պատուհանները, տարածքն էլ ավելի հարմարավետ է:
Մասիսից Գյումրի եկած Սևակ Բադալյանը ևս հաստատեց` Գյումրիի մաքսատանը ստիպված չեն եղել անիմաստ ժամանակ վատնել։
Նշենք, որ Նորագավիթի մաքսատունը կշարունակի գործել մինչև տարեվերջ: Մինչ այս սահմանը հատած ավտոմեքենաները, որոնց նշանակման վայրը եղել է Երևանը, կմաքսազերծվեն Նորագավիթում:
Հիշեցնենք՝ Գյումրիում ավտոմաքսատուն կառուցելու որոշումը կառավարությունը կայացրել էր 2019թ.–ի օգոստոսի 1-ին։ Ծրագիրը հիմնավորվում էր նրանով, որ մաքսային մարմինները չէին հասցնում սպասարկել Հայաստան ներմուծվող ավտոմեքենաների աննախադեպ ծավալները։
Ավտոմեքենաների մաքսազերծման գործընթացը Գյումրիում կազմակերպելու առաջարկն արել էր ՀՀ վարչապետը` Արարատյան մաքսատուն այցելության ընթացքում։
Ավտոկրող տրեյլերով ներմուծվող մեքենաների մաքսային ձևակերպումները կիրականացվեն Գյումրիում
Սեպտեմբերի 19-ին կառավարության նիստում Դավիթ Անանյանը հայտարարել էր, որ շինարարությունն իրականցվում է ժամկետներին համապատասխան և մաքսատունը շահագործման կհանձնվի հոկտեմբերի 11-ին։
Իսկ հոկտեմբերի 16-ին լրագրողների հետ հանդիպմանը Անանյանը խոստովանեց, որ մաքսատան շինարարությունը կավարտվի միայն նոյեմբերի սկզբին, և որ շինարարական աշխատանքները տարվում են 24-ժամյա ռեժիմով։
Գյումրիում մաքսատան ամբողջական շահագործումից հետո Երևանում գործող Արարատյան մաքսատունը կդադարի գործել։
Այժմ Երևանի մաքսատունն իրականացնում է մաքսային ձևակերպումների ամբողջ ծավալի շուրջ 80 տոկոսը։