«Ո՞վ կմտածեր, որ...». Գոհար Ավետիսյանի հուզիչ գրառումը

Գոհար Ավետիսյանի միլիոնավոր հետևորդներին անչափ դուր է եկել «մեյքափի գուրուի» հերթական գրառումը, և նրանք բազմաթիվ հիացական մեկնաբանություններ են թողել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի — Sputnik. Հայտնի պրոֆեսիոնալ դիմահարդար Գոհար Ավետիսյանը, որին Ռուսաստանում և Հայաստանում հաճախ անվանում են «մեյքափի գուրու», Instagram-ում լուսանկար է հրապարակել մոր հետ և գրառում արել, որը շատ է հուզել օգտատերերին։ Օգտատերերը մի քանի օր շարունակ ակտիվորեն մեկնաբանում են այդ գրառումը։

«Իմ հրեշտակը, իմ մայրիկը, որը հերթական անգամ արտասվեց, երբ ես վերադարձա հունաստանյան գործուղումից։ Ասում է, որ երբեք չէր կարող մտածել, որ Հայաստանի փոքր գյուղում, հասարակ ընտանիքում ծնված աղջիկը կարող է այդքան հայտնի և սիրելի դառնալ միլիոնավոր մարդկանց կողմից։ Նա միշտ լալիս է, երբ տեսնում է իմ ձեռքբերումները։ Հավերժ ապրիր, մա՛մ»,-գրել է Ավետիսյանը՝ գրառումն ուղեկցելով բազմաթիվ «սրտիկներով»։

Դիմահարդար Գոհար Ավետիսյանը որոշել է երգչուհի դառնալ «միամիտ» երգով. տեսանյութ

Գրառումը և մոր արցունքները հուզել են երկրպագուներին։ Օգտատերերը մեկնաբանություններ են գրում ոչ միայն դիմահարդարին, այլ նաև նրա մորը, քննարկում մայրական սիրո և քնքշության անհավանական ուժը, որը մարդուն ուժ է հաղորդում, թևեր տալիս նոր ձեռքբերումների համար։

 «Մեծ սրտով փոքր աղջիկ։ Միայն առաջ, Գոհար։ Դու զարմանալի աղջիկ ես, օրինակ բոլորիս համար։ Երջանիկ եղիր։ Առողջություն մայրիկներին»,- գրում են օգտատերերը։

Կորչի մեյքափը. ի՞նչ տեսք ունեն հայ աստղերն առանց շպարի

Գոհար Ավետիսյանը ծնվել է Մարտունիում, նրա ընտանիքը տեղափոխվել է Մոսկվա, երբ Գոհարը մեկ տարեկան է եղել։ Ավետիսյանը Ռուսաստանում ամենահայտնի բյութի բլոգերն է։ Հիմա նա Instagram-ում ավելի քան 5 միլիոն բաժանորդ ունի, իսկ նրա «Կերպարանափոխություն» նախագիծը քննարկվել է անգամ Daily Mail-ի էջերում։

«Որքան գեղեցիկ ես». դիմահարդարման վարպետ Գոհար Ավետիսյանը՝ Վարդայի նոր կերպարի մասին

Գոհարն ինքնուրույն է հասել հաջողության։ Նա ինքնուս դիմահարդար է: Այս ոլորտում առաջին փորձերն արել է 11-12 տարեկանում: 16 տարեկանում ընդունվել է Ժողտնտեսության և պետական ծառայության ռուսական ակադեմիայի տնտեսագիտական ֆակուլտետ:

Գոհար Ավետիսյանը տոնական մեյքափի հեշտ ու արագ տարբերակ է առաջարկում․ տեսանյութ

Արդեն առաջին կուրսում Գոհարը սկսել է դիմահարդարել բոլոր ընկերուհիներին և ծանոթներին: Հետաքրքրությունը դարձել է աշխատանք, և նա թողել է ուսումը:

2012թ.-ին սկսել է դասախոսել, դիմահարդարման վարպետության դասեր անցկացնել։ Հիմա արդեն հայտնի դիմահարդարը Մոսկվայի կենտրոնում սեփական դպրոց և ստուդիա ունի: