«Դու մենակ չես». արցախցի Լյուսիյան վստահ է` կհաղթի լեյկոզին ու հարսի շոր կփորձի

Աղջնակը շատ է սիրում իր տունն ու ընտանիքը։ Նա երազում է օր առաջ ավարտել բուժումն ու գնալ Արցախ, որտեղ երկու քույրիկներն են, եղբայրն ու իրեն «խտտող» պապիկը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik, Նանա Մարտիրոսյան. Արցախցի Լյուսիյա Սեյրանի Բաղմանյանը գարնանը Երևան է եկել սուր լիմֆոբլաստային լեյկոզը բուժելու։ Աղջնակը ներկայանալիս պարտադիր նշում է հայրանունը ու չի սիրում, երբ իր անունը սխալ են գրում` առանց երկու «յ»–ի։ Նաև չի սիրում, երբ իր ներկայությամբ սկսում են իր մասին խոսել։ Ասում է` մի տեսակ «նիլովկի ա» (անհարմար)։

«Դու մենակ չես». արցախցի Լյուսիյան վստահ է` կհաղթի լեյկոզին ու հարսի շոր կփորձի

Նա կենսուրախ է ու շատախոս, բայց միայն այն դեպքում, երբ լավ տրամադրություն է ունենում։ Իսկ դա լինում է այն օրերին, երբ բժիշկները չեն արգելում ուտել իր սիրելի նարնջագույնիկները` մանդարին ու նարինջ, իսկ մայրիկը թույլատրում է կրունկներով կոշիկներ ու սիրուն շորեր հագնել։ Ի դեպ, հատուկ օրերին կեղծամ էլ է դնում։

«Դու մենակ չես». արցախցի Լյուսիյան վստահ է` կհաղթի լեյկոզին ու հարսի շոր կփորձի

«Այս մազիկները սիրուն են, բայց իմն ավելի լավն էին։ Դրանք կարճ–երկար էին ու խուճուճ։ Երբ նորից աճեն` լիքը մազակալ կառնեմ ու պոչիկ կկապեմ»,-պատմում է աղջնակը։

Դու մենակ չես. ինչպես ծանր հիվանդությունը Հրանտին երազանք ու մեծական ցանկություն նվիրեց

Լյուսիյան գունավոր հագուստ է սիրում, բայց նկարելիս կանաչ գույնն է ընտրում, որովհետև այն ամառն է խորհրդանշում։ Սիրելի չարաճճիություն ունի` մամային ջղայնացնելն է։ Բայց մեկ–մեկ փոշմանում է արած կամակորությունների համար, որովհետև հասկանում է, որ հենց մայրիկն ու հայրիկն են իրեն ուժեղ դարձնում։

«Դու մենակ չես». արցախցի Լյուսիյան վստահ է` կհաղթի լեյկոզին ու հարսի շոր կփորձի

«Իրենք ասում են, որ խելոք մնամ, երբ կատետոր են տեղադրում, ու ես մնում եմ։ Եթե խելոք չմնամ` երակս կփախնի ու էլի պետք է ծակեն։ Դա ցավոտ է։ Իսկ ես էլ երակ չունեմ։ Համ էլ, երբ կատետորից ասեղը հանում են, պրիշյուպներ (խմբ.–приступ) եմ ունենում ու կատետորի տակ սկսում է ցավել»,–ասում է նա ու ցույց տալիս ձեռքի վիրակապը։

«Դու մենակ չես». արցախցի Լյուսիյան վստահ է` կհաղթի լեյկոզին ու հարսի շոր կփորձի

Աղջնակը որոշել է բժիշկ դառնալ ու երազում է հիվանդանոց կառուցել, որտեղ երեխաներին չեն ցավեցնի։ Այդ հիվանդանոցում, ի դեպ, նրա սիրելի բժիշկն էլ է աշխատելու, բայց թե ով է նա` Լյուսիյան գաղտնի է պահում, որ մյուսները չնեղանան։ Համ էլ, երբ իր հիվանդանոցն ունենա` կկարողանա ավելի հաճախ տեսնել ընկերուհուն` Թամուշին, որը արդեն առողջացել է ու մեկ–մեկ գալիս է հետազոտության։ Լյուսիյան վստահ է, որ ընդամենը մի քանի օրից ինքն էլ կառողջանա ու կգնա Ղարաբաղ։

«Գնալու եմ իմ երկիրը` տեսնեմ պապիկիս, տատիկիս, շունիկին` Ջիմիին։ Ինքը մեծ ա ու բարի։ Սիրում եմ իրեն։ Իսկ ինձ ամենաշատը պապիկն է սիրում։ Դա զգում եմ, երբ «խտտում» (Արցախի բարբառով` գրկել,–խմբ.) է ինձ։ Մեկ էլ, երբ մերոնք գալիս են ու ասում «քեզ նհենց ենք կարոտել»»,–ասում է փոքրիկը։

Նա խոստովանում է, որ հիմա ամենաշատը կուզենար տանը լինել։ Պատմում է, որ իրենց տանը միշտ աղմուկ է, որովհետև ինքը, երկու քույրիկներն ու եղբայրը միշտ կռվում են։ Երբ տխուր է լինում, հենց նրանց մասին է մտածում ու մտաբերում` ինչպես են քույրիկներն իր հետ խաղում, ու ինչպես է եղբայրը միշտ պաշտպանում իրեն։ Մի փոքր մտածում է, հետո խոստովանում, որ իրեն պաշտպանել պետք չէ, ինքը ում ուզես` կպաշտպանի էլ, կնեղացնի էլ։

«Դու մենակ չես». արցախցի Լյուսիյան վստահ է` կհաղթի լեյկոզին ու հարսի շոր կփորձի

«Բան չմնաց, ընդամենը մի դեղ` 4 բլոկ։ Դա էլ կընդունեմ ու տուն կգնամ»,–ասում է Լյուսիյան։

Դու մենակ չես. 7-ամյա Էրիկը գտել է երկրորդ «ես»-ն ու Նարեկի օգնությամբ հաղթահարել քաղցկեղը

Ի դեպ, բուժումն ավարտելուց հետո անպայման Ռուսաստան է գնալու. վաղուց հորաքրոջն ու նրա դստերը չի տեսել։ Զարմուհին` Մոնիկան, ըստ Լյուսիյայի` շատ խելացի աղջիկ է, որովհետև «համ ռուսերեն գիտի, համ էլ գիմնաստիկայի է գնում»։ Լյուսիյան վստահ է` միասին ժամանակ կգտնեն ու խանութներ կգնան, որ կարողանա հարսի շոր փորձել։

«Շատ եմ սիրում հարսի շորը, որովհետև սպիտակ է ու պիշնիյ (Пышный-ճոխ)։ Սիրած տղա չունեմ, բայց որ մեծանամ, կունենամ։ Դեռ փոքր եմ, շուտ է դրա մասին մտածել։ Ես դեռ երեխա եմ»,-ասում է նա ու բարձր քրքջում։

Նշենք, որ Sputnik Արմենիան «Դու մենակ չես» նախագծի շրջանակում ներկայացնում է քաղցկեղը հաղթահարած ու հաղթահարող երեխաների պատմություններ։

Նախագծի հերոսները City of Smile բարեգործական հիմնադրամի շահառուներն են։ Այն օգնում է երեխաներին հաղթահարել քաղցկեղն ու արյան հիվանդությունները՝ տրամադրելով անվճար բուժում, դեղորայք և սնունդ։

«Դու մենակ չես». արցախցի Լյուսիյան վստահ է` կհաղթի լեյկոզին ու հարսի շոր կփորձի