Օլիմպիական խաղերի առաջին չեմպիոնը խոհարար էր. էլ ինչ չգիտենք Հունաստանի մասին

Իսկ գիտե՞ք, թե ինչ կլինի, եթե Հունաստանում որոշեք օդում ձեռքը թափահարելով ողջունել մեկին: Դուք կվիրավորեք նրան: Փորձենք պարզել` էլ ինչ չգիտենք ու ինչ գիտենք բարեկամ Հունաստանի մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի — Sputnik, Մարիաննա Փայտյան. Երևանում նոյեմբերի 15-ին կայանալիք Եվրո-2020-ի ընտրական փուլի Հայաստան-Հունաստան ֆուտբոլային խաղին ընդառաջ Sputnik Արմենիան առանձնացրել է 20 փաստ Հունաստանի մասին, որոնք, միգուցե, շատերս չգիտենք:

Ասում են՝ հայերն ու հույներն իրար շատ են նման: Երևի պատճառը պետք է պատմության մեջ փնտրել. մեր երկու ժողովուրդների ճակատագրերը դարերի ընթացքում հաճախ են հատվել: Այսօր երկու երկրների միջև ամուր բարեկամություն է  հաստատված: Թվում է, թե Հունաստանն այն երկրներից է, որի մասին մենք շատ բան գիտենք: Իրականում, այդպե՞ս է… Մենք առանձնացրել ենք Հունաստանի մասին 20 հետաքրքիր փաստ, որոնց մասին միգուցե դեռ չգիտեիք:

Հունաստանն առաջիկայում կվավերացնի ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

1.       Հին հունական լեգենդներից մեկի համաձայն, երբ Աստված ստեղծեց աշխարհը, նա ամբողջ հողը մաղեց երկրի վրա: Երբ բոլոր երկրներն արդեն լավ հող ունեին, նա մաղում մնացած քարերը նետեց ուսի վրայով և այդպես ստեղծեց Հունաստանը:

2.       Հունաստանն ունի ավելի քան 1400 կղզի, որոնցից միայն 227-ն են բնակեցված: Ամենամեծ կղզին Կրետեն է:

3.       Հունաստանում տարվա մեջ լինում է 250-ից ավելի արևառատ օր կամ ավելի քան 3000-ից ավելի արևոտ ժամ:

4.       Հունաստանում ցանկացած կետից մինչև ծովափ հեռավորությունը չի գերազանցում 137 կմ-ը:

5.       Հունաստանն առանց ընդհատումների բնակեցված է եղել գրեթե 7000 տարի: Աթենքը Եվրոպայի ամենահին քաղաքներից է, միաժամանակ սա ժողովրդավարության, արևմտյան փիլիսոփայության, Օլիմպիական խաղերի, քաղաքագիտության, արևմտյան գրականության, մաթեմատիկական հիմնական սկզբունքների և շատ այլ բնագավառների, ուղղությունների ծննդավայրն է:

6.       Հունաստանն ամենաշատ հնագիտական թանգարաններ ունեցող երկիրն է ամբողջ աշխարհում: Հին աշխարհի յոթ հրաշալիքներից երեքը (Արտեմիսի տաճարը, Զևսի արձանը և Հռոդոսի կոթողը) ժամանակին գտնվել են Հունաստանում։

Թուրքիան մեկուսանում է, Հայաստանը պիտի «ագրեսիվանա». ի՞նչ է փնտրում Երևանը «պղնձյա» կղզում

7.       Հունաստանում առաջին Օլիմպիական խաղերն անցկացվել են մ.թ.ա. 776 թվականին: Առաջին օլիմպիական չեմպիոնը եղել է Կորեբուս անունով հույն խոհարարը: Ի դեպ, յուրաքանչյուր Օլիմպիադայի ժամանակ հին հույները Զևսին 100 ցուլ էին զոհաբերում:

8.       Լորդ Ջորջ Բայրոնն այնքան էր հիացած հույներով, որ մեկնել էր Հունաստան՝ մասնակցելու թուրքերի դեմ մղվող պայքարին հանուն հույն ժողովրդի անկախության: Ի դեպ, մարտնչող հույների մասին շատ հետաքրքիր կարծիք է հայտնել Անգլիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլը. «Մենք չենք ասում, որ հույները պայքարում են հերոսների նման, այլ հերոսներն են պայքարում հույների պես»:

9.       Երբևէ լսե՞լ եք «Հույն-թուրքական երկրաշարժերի դիվանագիտություն»: Այս եզրույթն առաջացել է 1999 թվականից հետո, երբ երկրաշարժը պատուհասեց երկու երկրները: Այդ ժամանակ նրանք անցյալում թողեցին ատելությունն ու դիվանագիտական հարաբերություններ հաստատեցին: Իսկ  հույն-թուրքական լարված հարաբերությունները սկիզբ են առել դեռ 13-րդ դարում, իրավիճակը լարվել է նաև նորօրյա պատմության շրջանում, երբ թուրքերը ներխուժեցին Կիպրոս:

10.       Հունաստանում ընտրությունների ժամանակ որևէ քաղաքացի չի կարող որոշել, ասենք` չմասնակցել ընտրություններին և չքվեարկել: Քվեարկելն օրենքով պարտադիր է 18 տարին լրացած յուրաքանչյուր քաղաքացու համար:

11.       Հունաստանի բնակչության գրեթե 40 տոկոսն ապրում է մայրաքաղաք Աթենքում: Ամբողջ երկրի բնակչությունը մոտ 10 միլիոնից ավելի է, իսկ ամեն տարի այցելող զբոսաշրջիկների թիվն էլ գրեթե 17 միլիոն, այսինքն՝ 7 միլիոնով ավելի բնակչության թվից: Տուրիզմի մասնաբաժինը երկրի ՀՆԱ-ում գրեթե 16 տոկոս է:

Հունաստանի նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

12.        Հունաստանի բնակչության մոտավորապես 98 տոկոսն էթնիկ հույներ են: Ազգային փոքրամասնությունների թվում ամենամեծ համայնքն ունեն թուրքերը, նաև ալբանացիները, մակեդոնացիները, բուլղարացիները, հայերն ու գնչուները:

13.       1950-ականներին չափահաս հույների միայն 30 տոկոսն էր, որ կարդալ և գրել գիտեր: Այսօր երկրում գրագիտությունը 95 տոկոսից բարձր է:

14.       Հույներն արթնանում են առավոտյան 5-6-ին, քնում են 11-ից հետո: Քնի պակասը լրացնում են ցերեկը՝ սիեստայի ընթացքում 1-2 ժամ քնելով:

15.       Կյանքի տևողությամբ Հունաստանը 26-րդ տեղում է աշխարհում: Կանանց համար կյանքի միջին տևողությունը 82 տարի է, տղամարդկանցը՝ 77:

16.       Ամուսնալուծությունների թվով Հունաստանը Եվրոպական միության երկրների շարքում վերջին տեղում է:

«Դուխներդ տեղը, ամեն ինչ շատ լավ է, որևէ խնդիր իրականում չկա». Վանեցյան

17.       Ձիթայուղի արտադրության ծավալով Հունաստանն աշխարհում երրորդ տեղում է: Հույները սկսել են ձիթապտուղ մշակել դեռ հնագույն ժամանակներից: Հունաստանում կան ձիթենիներ, որոնք տնկվել են 13-րդ դարում, բայց մինչև այսօր բերք են տալիս:

18.       Հույները երբեք որևէ մեկին ողջունելիս օդում ձեռքը բաց ափով չեն թափահարում, ձեռքի ափը ցույց տալը վիրավորական է համարվում:

19.       Ինչ-որ մեկին հաճոյախոսելիս հույները սեղմած շուրթերի արանքից մի տեսակ տարօրինակ կերպով «դուրս են մղում շունչը»: Դա արվում է հաճոյախոսություն ստացած անձին չար աչքից պաշտպանելու համար (ինչպես մենք՝ հայերս էլ թու-թու ենք ասում՝ հանկարծ «աչքով չտալու» համար):

20.       Հունաստանում ֆուտբոլն ազգային սպորտաձև է: