ՀՀ–ում 30 տարվա ընթացքում շաքարային դիաբետի մահացության ցուցանիշն աճել է 2 անգամ

Նոյեմբերի 14-ն աշխարհում նշվում է որպես Շաքարային դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի — Sputnik.Հայաստանում վերջին 30 տարվա ընթացքում շաքարային դիաբետի տարածվածության և մահացության ցուցանիշներն աճել են շուրջ 2 անգամ: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Հայաստանում 1-ին տիպի շաքարային դիաբետով հիվանդները կարող են բարելավել կյանքի որակը

«2018թ. վիճակագրական տվյալների համաձայն` ՀՀ բնակչության շրջանում ՇԴ ընդհանուր հիվանդների թիվը կազմում է 93 460: ՇԴ-ից մահերի թիվը նախորդ տարի կազմել է  579, որը 2017թ. համեմատ նվազել է 230 դեպքով»,–նշված է հաղորդագրության մեջ։

Ի դեպ, նոյեմբերի 14-ն աշխարհում նշվում է որպես Շաքարային դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օր, որի նպատակն է հասարակության ուշադրությունը բևեռել հիվանդության հիմնախնդիրներին` բարձրացնելով բնակչության իրազեկությունը: Օրն ընտրվել է ի պատիվ կանադացի գիտնական Ֆրեդերիկ Բանտինգի, որն առաջին անգամ ինսուլինի ներարկման միջոցով փրկել է շաքարային դիաբետով հիվանդ երեխաների կյանքը և 1923 թվականին այս գյուտի համար արժանացել Նոբելյան մրցանակի:

Շաքարային դիաբետը դարի հիվանդություն է և առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների մահացության և հիվանդացության կառուցվածքում զբաղեցնում է երրորդ տեղը:

Ուտե՞լ, թե՞ չուտել, այս է խնդիրը. ի՞նչ վտանգ է թաքնված հայկական պաղպաղակներում

Ապացուցողական բժշկության տվյալներով` ՇԴ զարգացման ռիսկի գործոններից են` արյան մեջ գլուկոզայի բարձր մակարդակը, ավելցուկային քաշն ու ճարպակալումը, ֆիզիկական թերակտիվությունը, անառողջ սննդակարգը, մասնավորապես, մրգերի և բանջարեղենի սակավ օգտագործումն ու քաղցրի չարաշահումը և այլն:

Առողջապահության նախարարությունը հորդորում է նախևառաջ վարել առողջ ապրելակերպ, հետևել առողջ սննդակարգին, պայքարել ՇԴ զարգացմանը նպաստող ռիսկի գործոնների դեմ` ֆիզիկական թերակտիվության, ծխախոտի օգտագործման, ալկոհոլի չարաշահման, վերահսկել քաշը, զարկերակային ճնշումը և արյան մեջ գլյուկոզայի և խոլեստերինի մակարդակը: