ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստանում է ասֆալտին պառկեցնել նրանց, ովքեր կսպառնան «օրենքով գողերի» նկատմամբ քրեական պատիժ սահմանող նախագիծը զեկուցող պատգամավորներին։ Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց Փաշինյանը։
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանն այսօր ասել էր, որ իր կարծիքով` «օրենքով գողերի» պես խելոք մարդիկ չկան աշխարհում։ Իսկ ԱԺ–ում քննարկվող նախագիծը, ըստ նրա, առաջարկում է բոլորին տանել ու բանտերը լցնել։
«Եթե կան մարդիկ, որոնք մտածում են, թե այս հարցում կոմպրոմիսներ են լինելու, սխալվում են։ Կամ էլ եթե մտածում են, որ օրենքի հետ կապված կարող են պատգամավորի սպառնալ, օրինակ` հարակից զեկուցողներին, ուղիղ ասում եմ` կպառկացնենք ասֆալտին ու կտանք պատերով` բառի բուն իմաստով»,–ասաց նա` չհստակեցնելով` կոնկրետ ում նկատի ունի։
Փաշինյանի խոսքով` մարդը, որը թալանել է ՀՀ երկրորդ քաղաքի կեսը, թող չթպրտա, թե չէ կտան պատերով։ Վարչապետը նշեց, որ այս ամենը պետք է ականջներին օղ անեն, եթե չանեն, իր ներկայացրած տեսարանները իրականություն կդառնան։
«Օրենքով գողերի» դեմ պայքարում անելիքներ դեռ շատ կան. ո՞րն է առաջին քայլը
Նիկոլ Փաշինյանը նշեց նաև, որ քրեական ենթամշակույթը Հայաստանից պետք է կոռուպցիայի հետ արմատախիլ արվի։
«Եթե օրենքի ընդունմամբ արդյունքներ չլինեն, ավելի խիստ միջոցներ կձեռնարկենք։ Ես ձեզ դա ասում եմ` որպես ՔԿՀ–ների ու այդ ենթամշակույթի հետ անձամբ և ուղիղ առնչություն ունեցող անձ»,–ասաց Փաշինյանը։
«Օրենքի այս նախագծով քրեական տարրերի դեմ պայքարը անարդյունավետ կլինի». Տիգրան Խաչիկյան
Հիշեցնենք, որ կառավարությունն արդեն իսկ օգոստոսի 29-ին հաստատել է ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին համապատասխան նախագիծը։ Նախատեսվում է քրեական պատասխանատվության ենթարկել քրեական աստիճանահարթակով բարձրագույն կարգավիճակ տալու, ստանալու կամ պահպանելու համար, ինչպես նաև քրեական ենթամշակույթ ստեղծելու, ղեկավարելու, մասնակցելու, ներգրավվելու և պահպանելու համար։