ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի — Sputnik. Վաշինգտոնը ձգտում է առանձնացնել Եփրատ գետի արևելյան ափին ընկած տարածքները և ամեն ինչ անում է այնտեղ կեղծ պետություն ստեղծելու համար։ Այս մասին Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն ասել է Փարիզի երկրորդ Խաղաղության համաժողովի ընթացքում։
Լավրովը նաև նշել է, որ ԱՄՆ–ն արգելում է դաշնակիցներին ներդրումներ անել Սիրիայի վերականգնման նախագծերում, որոնք վերահսկում է պաշտոնական Դամասկոսը։
Նախօրեին Լավրովը հայտարարել է, որ Սիրիան թալանելու և նավթահորերն իր վերահսկողության տակ վերցնելու ԱՄՆ–ի փորձերն անօրինական են և ոչ մի լավ բանի չեն հանգեցնի։
Իրավիճակը Սիրիայում
Սիրիայի զինված հակամարտությունն արդեն ավելի քան ութ տարի է չի դադարում։ Իրավիճակը սրվեց հոկտեմբերի սկզբին, երբ Թուրքիան հայտարարեց քրդական ջոկատների դեմ ուղղված «Խաղաղության աղբյուր» գործողություն սկսելու մասին։
Վաշինգտոնն իր հերթին հրաժարվել է մասնակցել Անկարայի ռազմական գործողությանը և հայտարարել զորքերը դուրս բերելու մասին։
ՀՀ ԱԳՆ–ն խստորեն դատապարտում է Դեր Զորում կատարված ահաբեկչությունը
Սակայն Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ զինծառայողների մի մասը կմնա` նավթը «Իսլամական պետության» գրոհայիններից պաշտպանելու համար, քանի որ նախկինում Սիրիայի հյուսիսում նավթի արդյունահանումը եղել է նրանց եկամուտի գլխավոր աղբյուրը։ Թրամփի խոսքով` «հնարավոր է, եկել է ժամանակը, որպեսզի քրդերը տեղափոխվեն այդ նավթային շրջան, քանի որ նրանց գումար է պետք»։
Ինչպես նշել է Պենտագոնի ներկայացուցիչ Ռետ Հոֆմանը, սիրիական նավթի շահույթը ստանում են հենց քրդերը, այլ ոչ թե ամերիկացիները։
Մոսկվայի և Անկարայի պայմանավորվածությունները
ԱՄՆ–ի հետ պայմանավորվածության համաձայն` Անկարան դադարեցրել է ռազմական գործողությունները Սիրիայի արևելքում, որպեսզի քրդերը կարողանան դուրս բերել իրենց խմբավորումները սահմանին գտնվող 30–կիլոմետրանոց բուֆերային գոտուց։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22–ին Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները Սոչիում ավելի քան վեց ժամ բանակցել են Սիրիայի հարցի շուրջ և համաձայնագիր ստորագրել։
Ըստ ռուս–թուրքական համաձայնագրի` Ռուսաստանի ռազմական ոստիկանության և Սիրիայի սահմանային ծառայության ստորաբաժանումները կտեղակայվեն թուրք-սիրիական սահմանի սիրիական հատվածում՝ Թուրքիայի հռչակած անվտանգության գոտուց դուրս:
Քրդական ուժերը սահմանից շուրջ 30 կիլոմետր հեռացնելուց հետո Ռուսաստանը և Թուրքիան համատեղ կվերահսկեն սահմանը 10 կիլոմետր խորության վրա՝ դեպի արևելք և նույնքան դեպի արևմուտք: