Ճանապարհատրանսպորտային պատահարների, վթաների անհանգստացնող աճը պայմանավորված է նախևառաջ ընթացիկ և նախորդ տարիներին ահռելի ու աննախադեպ քանակությամբ Հայաստան ներկրված տրանսպորտային միջոցների թվաքանակի ավելացմամբ: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Ճանապարհային ոստիկանության հետաքննության բաժնի պետ, ոստիկանության մայոր Խաչիկ Սամվելյանը։
Խոսելով կանխարգելիչ միջոցառումների մասին՝ ոստիկանության մայորը կարևորում է հատկապես բալային համակարգի ներդրման հանգամանքը, ինչի շնորհիվ զգալի ու դրական տեղաշարժ կլինի ու հետագայում կնվազեն վթարներն ու խախտումները:
«Եթե վարորդը գիտակցի, որ այլևս միայն տուգանքը մուծելով չի խուսափի պատժից, այլ կզրկվի վարորդական իրավունքից, կդառնա ավելի կարգապահ ու զգոն»,- նշեց նա։
Ըստ Սամվելյանի` Ճանապարհային ոստիկանության համար ներկայումս արտոնյալ խավեր կամ անհատներ չկան:
Խցանումները կնվազե՞ն. նոր նախագծով վարորդը կտուգանվի, եթե վթարված մեքենան չհանի ճանապարհից
«Ճիշտ է, ելնելով հայկական մենտալիտետից, չի կարելի բացառել զանգերի պահը, բայցևայնպես, բոլորն այժմ հավասար են օրենքի առաջ, և արտոնյալների հանգամանքը պետք է մշտապես բացառվի»,-ընդգծեց Սամվելյանը:
Ստիպված կլինեն վճարել. օտարերկրյա վարորդներին չի հաջողվի ՌԴ–ում տուգանքներից խուսափել
Հիշեցնենք` ըստ ոստիկանության ներկայացրած վիճակագրության` 2019թ.-ի հունվար-սեպտեմբերին Հայաստանում տեղի է ունեցել 3444 վթար, որի հետևանքով զոհվել է 253, վիրավորվել՝ 4959 մարդ:
2018թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ վթարների թիվը 523-ով ավել է, զոհերինը՝ 11-ով, իսկ վիրավորներինը՝ 680-ով: