Խաշմանյանը միաձայն ընտրվեց ազգային հավաքականի մարզիչ. ինչ իրավական կազուս է եղել

ՀՖՖ–ում իրավական կազուս է եղել, որի համար ֆեդերացիայում ծառայողական քննություն է նշանակվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի — Sputnik. Այսօր տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի հերթական նիստը. Աբրահամ Խաշմանյանը բոլոր ներկաների կողմից միաձայն ընտրվեց ազգային հավաքականի մարզիչ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը։

Արթուր Վանեցյանի հրաժարականի հարցը ՀՖՖ–ում չի քննարկվել. Արսեն Թորոսյան

«Խաշմանյանն այս պահից պաշտոնապես համարվում է մեր հավաքականի գլխավոր մարզիչը։ Հուսով եմ, որ նա հաղթանակներ կբերի մեր հավաքականին»,–ասաց նա։

Վանեցյանն անդրադարձավ նաև իր դեմ հնչող մեղադրանքներին` թե նա հավաքականի գլխավոր մարզչին նշանակել է առանց գործադիր կոմիտեի համաձայնության: Վանեցյանի խոսքով` երկրաշարժ չի եղել, ուղղակի հասարակական հետաքրքրությունն է մեծ։ Նա նշեց, որ իրավական կազուսի հետևանքով ֆեդերացիայում ծառայողական քննություն է նշանակվել։

Ըստ Վանեցյանի` հունիսի 26–ին տեղի է ունեցել հերթական ժողովը և հաստատվել է ՀՖՖ նոր կանոնադրությունը, ըստ որի` գլխավոր մարզչի նշանակումը վերապահված է ՀՖՖ նախագահին։ Դրանից հետո կանոնադրությունը պետք է պետռեգիստր մուտք լիներ` պետական գրանցում ստանալու համար, սակայն ինչ–ինչ պատճառներով, Վանեցյանի խոսքով` այն միայն հոկտեմբերի 25–ին են փորձել գրանցել։

Փորձ է արվում քաղաքականացնել ֆուտբոլը. Red Eagles–ը քննադատել է նախարարի հայտարարությունը

«Ֆորմալ առումով կանոնադրության հաստատումը պետք է լինի տասնօրյա ժամկետում, այսինքն` վաղը։ Սակայն մեր աշխատակազմն ինձ չի ներկայացրել, որ նոր կանոնադրությունը դեռ պետռեգիստրում գրանցված չէ, այսինքն` զուտ տեխնիկական սխալ է եղել»,–ասաց նա` հավելելով, որ աղմուկը, որը բարձրացավ, տեղին չէր։

Նա հայտնեց, որ այս ամենի մեջ  ոչ թե քաղաքական դրդապատճառներ, ավելի շատ ինչ–որ թեմայի շուրջ աղմուկ բարձրացնելու  հետաքրքրություն է տեսնում։ ՀՖՖ նախագահը կոչ արեց միավորվել, որպեսզի ունենանք լավ ֆուտբոլ։

Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցներն այցելել են ՀՖՖ և որոշ թղթեր ուսումնասիրել

Հիշեցնենք, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը խորհրդարանում այսօր անդրադարձել է Վանեցյանի դեմ հնչող մեղադրանքներին, թե նա Խաշմանյանին նշանակել է առանց համաձայնեցնելու գործադիր կոմիտեի հետ:

Լինելով Ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի անդամ՝ Արսեն Թորոսյանը դժգոհություն է հայտնել Արթուր Վանեցյանից՝ շեշտելով, որ նրա գործողություններն իր համար անընդունելի են:

Խաշմանյանի` հավաքականի մարզիչ նշանակվելու մասին հայտնի դարձավ երեկ` նոյեմբերի 6-ին։