«Վերին Լարս» տանող ճամփան դեռ փակ է. ի՞նչ է կատարվում ճանապարհներին

ՀՀ տարածքում տեղացած ձյունը կրկին բարդություններ է ստեղծել վարորդների համար։ Որոշ հատվածներում ձյուն է տեղում, Գորիս-Սիսիան ավտոճանապարհը մառախուղով է պատված։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը` հղում անելով Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտին։

«Ժողովուրդ ջան, հեչ չտխրեք». Գագիկ Սուրենյանը դարձյալ արև ու ջերմ եղանակ է խոստանում

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Ժամը 12:00–ի դրությամբ Վարդենյաց լեռնանցքը (Գեղարքունիքի մարզի կողմից) և Տավուշի մարզի Դիլիջանի ոլորանները դժվարանցանելի են:

Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաններում, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում, Գեղարքունիքի մարզում, Շիրակի մարզում, բացի Գյումրի քաղաքից, տեղում է ձյուն:

Գորիս-Սիսիան ավտոճանապարհը մառախուղով է պատված:

Հիշեցնենք` երեկ Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հայտնել էր, Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը փակվել է ձյան պատճառով։ Ձնմաքրման աշխատանքներից հետո ճանապարհահատվածը բացվել էր, բայց երեկոյան դեսպանությունը նոր հայտարարություն տարածեց` տեղեկացնելով, որ նշված ճանապարհահատվածը կրկին փակ է։