ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. ԱՄՆ ներկայացուցիչների պալատի ընդունած բանաձևը, անկասկած, արտաքին քաղաքական ենթատեքստ ունի` հաշվի առնելով Վաշինգտոնի ու Անկարայի բարդ հարաբերությունները։ Միաժամանակ, սա կարևոր քայլ է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ճանապարհին։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՌԳԱ արևելագիտության ինստիտուտի Կովկասի ուսումնասիրության կենտրոնի ավագ գիտաշխատող Անդրեյ Արեշևը։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում քվեարկությունը կայացել է հոկտեմբերի 29-ին։ 405 կողմ, 11 դեմ, 3 ձեռնպահ քվեարկությամբ ԱՄՆ ներկայացուցիչների պալատն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը:
Պատմություն կերտեցինք. Քարդաշյանը` ԱՄՆ ներկայացուցիչների պալատի ընդունած բանաձևի մասին
Արեշևն ուշադրություն է հրավիրել է այն հանգամանքի վրա, որ բանաձևի ընդունումը համընկել է Թուրքիայի ազգային տոնի` Հանրապետության օրվա (նշվում է հոկտեմբերի 29–ին) հետ։
Արեշևի կարծիքով` այդ բանաձևը ներամերիկյան համատեքստ ունի։
«Երևի այն պետք է դիտարկվի որպես Ներկայացուցիչների պալատի ու Թրամփի վարչակազմի հակամարտության (թուրքական ուղղությամբ դրա իրականացրած քաղաքականության) ախտանիշ», – կարծում է քաղաքագետը։
Նրա կարծիքով` ընդունված փաստաթուղթը հաստատում է նախկինում ԱՄՆ–ում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին հնչած հայտարարությունները։
«Անկասկած, սա կարևոր արտաքին քաղաքական քայլ է ու կարևոր փուլ է ավելի քան հարյուր տարի առաջ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները որպես ցեղասպանություն ճանաչելու հարցում», – ասաց քաղաքագետը։
Ինչ վերաբերում է փաստաթղթի երկարաժամկետ ազդեցությանը ԱՄՆ–ի ու Թուրքիայի հարաբերությունների վրա` քաղաքագետը դժվարանում է կանխատեսումներ անել։
Նա հիշեցրեց, որ Ֆրանսիայի և նման փաստաթուղթ ընդունած այլ երկրների դեպքում Թուրքիայի վրդովմունքը ժամանակի ընթացքում անցել է ու հարաբերությունները բնականոն հուն են վերադարձել։
Նշենք, որ վերջին 40 տարիների ընթացքում առաջին անգամ Սպիտակ տան վարչակազմը ճնշում չի գործադրել Ներկայացուցիչների պալատի վրա Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում։ Ավելի վաղ բոլոր նախաձեռնությունները և բանաձևերն արգելափակվել են ու չեն հասել Ներկայացուցիչների պալատի քվեարկությանը։