Գեղարքունիքի մարզպետը չի հերքում` պատվոգիր է տվել իր դստերը

Մարզպետն իր երեխայի նկատմամբ խտրական վերաբերմունքը պաշտոնյայի զավակների նկատմամբ ռասիզմ է համարում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի — Sputnik. Գեղարքունիքի մարզի 20 դպրոցական և ուսանող մարզպետից պատվոգրեր են ստացել, որոնց թվում նաև մարզպետ Գնել Սանոսյանի դուստրը։

Սոցիալական կայքերում տարածված այս տեղեկությունն այսօր լրագրողների հետ զրույցում հաստատեց մարզպետը։

«Երանի հոգով աղքատներին». Կարապետյանը կարծում է, որ պարգևավճարների թեման շահարկվում է

Գնել Սանոսյանը նշեց, որ պատվոգրերը տրվել են մարզում 2019թ.–ի մայիսի 11–ին անցկացված Բիզնես–ֆորումին կազմակերպչական աշխատանքներում ներգրավված այն 20 պատանիներին, ովքեր տիրապետում են անգլերենին և կարող էին շփվել արտասահմանից ժամանած հյուրերի հետ։

«Բոլոր 20 երեխաներին տվել ենք պատվոգրեր։ Այդ 20-ի թվում նաև իմ աղջիկն էր։ Եթե համարում եք, որ նորմալ չէ, որ իմ աղջկան տվել ենք, ասեք, որ նորմալ չէ։ Բայց ես դա կդիտարկեմ որպես ռասիստական մոտեցում։ Բոլոր նրանք, ովքեր գտնում եք, որ դա նորմալ չէ, ռասիստական մոտեցում ունեն պաշտոնյաների երեխաների նկատմամբ»,– հայտարարեց մարզպետն ու առաջարկեց այսքանով թեման փակված համարել։