ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի — Sputnik. «Հոկտեմբերի 27»–ի գլխավոր ոճրագործ Նաիրի Հունանյանի՝ պայմանական վաղաժամկետ ազատվելու հարցը դատարան չի ներկայացվի։ Այս մասին գրված է ՀՀ արդարադատության նախարարության Facebook–յան էջում։
«Հոկտեմբերի 27»-ի գործով ահաբեկչական խմբավորման ղեկավար Նաիրի Հունանյանը սեպտեմբերի 11–ին դիմում էր ներկայացրել` վաղաժամկետ ազատ արձակման խնդրանքով, քանի որ օրենքով դատապարտվելուց 20 տարուց անց ցմահ դատապարտյալներն իրավունք ունեն դիմել պայմանական վաղաժամկետ ազատման համար։
«Սեպտեմբերի 19-ին Քրեակատարողական ծառայությունը, իսկ հոկտեմբերի 23-ին Պրոբացիայի ծառայությունը Հունանյանի դիմումի առնչությամբ ներկայացրել էին բացասական զեկույց: Հաշվի առնելով 2 ծառայությունների ներկայացրած զեկույցների բացասական լինելու հանգամանքը՝ քրեակատարողական հիմնարկի վարչակազմը հոկտեմբերի 28-ին որոշել է Հունանյանի՝ պայմանական վաղաժամկետ ազատվելու հարցը դատարան չներկայացնել»,–նշված է հաղորդագրության մեջ։
Այս որոշումը կարող է բողոքարկվել առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան որոշումը ստանալուց հետո՝ տասնօրյա ժամկետում:
Քրեակատարողական հիմնարկի վարչակազմի որոշումը չբողոքարկելու դեպքում հարցը կարող է կրկին քննարկվել համապատասխան որոշման ընդունումից հետո՝ մեկուկես տարի անց, եթե դատապարտյալը նշված ժամկետը լրանալուց ոչ շուտ, քան 40 օր առաջ ներկայացնի դիմում: Քրեակատարողական հիմնարկի վարչակազմի որոշումը բողոքարկելու դեպքում, եթե դատարանը մերժի պայմանական վաղաժամկետ ազատումը, հարցը կարող է կրկին քննարկվել վերջնական դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո` 3 տարի անց, եթե դատապարտյալը դիմում ներկայացնի։
Հիշեցնենք, որ 1999թ-ի հոկտեմբերի 27-ին ոճրագործների խումբը` Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, ներխուժել էր ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճ և սպանել ԱԺ խոսնակ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, փոխխոսնակներ Յուրի Բախշյանին և Ռուբեն Միրոյանին, օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանին, պատգամավոր Արմենակ Արմենակյանին, Հենրիխ Աբրահամյանին և Միքայել Քոթանյանին:
Խելագարվե՞լ է արդյոք Կարեն Հունանյանը. ՔԿՀ պատասխանը
Ահաբեկիչների նկատմամբ դատական գործը սկսվեց 2001թ.-ի փետրվարին և տևեց մինչև 2003թ.-ի դեկտեմբերը։
Դատարանի որոշմամբ, Նաիրի Հունանյանը, նրա եղբայրը` Կարեն Հունանյանը, նրանց քեռին` Վռամ Գալստյանը, ինչպես նաև Դերենիկ Բեջանյանը, Էդիկ Գրիգորյանը և Աշոտ Կնյազյանը դատապարտվեցին ցմահ, Համլետ Ստեփանյանը` 14 տարվա ազատազրկման։