Արման Վանեսքեհյան, Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խենթություններն անվերջ են։ Բայց այս անգամ նա կարողացել է զարմացնել նույնիսկ նրանց, ովքեր սովոր էին Սպիտակ տան ներկայիս տիրոջ կտրուկ ու տրամաբանությունից զուրկ արարքներին։
Նավթն ԱՄՆ–ի գլխավոր աշխարհաքաղաքական խաղաքարն է Սիրիայում
Սիրիայի նավթագազային պաշարներն իբր հսկելու համար ծանր զրահատեխնիկայի` տանկերի ուղեկցությամբ 500 ամերիկյան զինծառայողի վերադարձն իսկապես շատերին կարող էր զարմացնել։ Իսկ այն, որ ԱՄՆ–ն չի ցանկանում Եփրատի ձախ ափին գտնվող նավթային դաշտերը հասանելի դարձնել ոչ միայն իգիլականներին («Իսլամական պետությունը» մի շարք երկրներում արգելված ահաբեկչական կազմակերպություն է), այլև Սիրիայի օրինական իշխանությանը, կարելի է միայն սադրանք անվանել։
Հատկապես հիմա, երբ պարզվում է, որ Սիրիայի, այսպես կոչված, չափավոր ընդդիմության (նույն քրդերը) գրոհայիններն իրենց հնարավորության սահմաններում օգտվում են այդ նավթից։ Վաճառում են այն ամերիկացիներին։ Դրա շնորհիվ օրական մոտ մեկ միլիոն դոլար են վաստակում։ Զենք ու զինամթերքի համար լրիվ բավարար է։
Տիպիկ ամերիկյան պրագմատիկ քայլ։ Ինչո՞ւ դաշնակիցներին ֆինանսավորեն, եթե կարելի է նրանց համար ստեղծել այնպիսի պայմաններ, որ կարողանան հանգիստ նավթ գողանալ, իսկ ամերիկյան հատուկ զորախումբը պարզապես կհսկի գողոնի ճիշտ իրացումը։ Ու թող այդ գումարով զենք գնեն ու կռվեն Բաշար ալ Ասադի «ռեժիմի» դեմ։ Ընդ որում` գնում են հենց ամերիկացիներից։
Ավելին` գնում են գումարով, որն ամերիկացիներն իրենց վճարել են այն նավթի դիմաց, որը նրանք գողացել են ամերիկացիների աջակցությամբ։ Ահա այսպիսի շրջապտույտով Միացյալ Նահանգները տարածաշրջանում պահում է իրեն ձեռնտու լարվածությունը։ Ու նշենք, որ դրա դիմաց ոչինչ չի վճարում։ Ավելին` գումար է վաստակում սիրիական նավթի վաճառքից։
Երբ Թրամփն անսպասելիորեն հայտարարեց, որ Սիրիա է վերադարձնում 500 զինծառայողի` 60 «Աբրամս» տանկով, հասկանալի է դառնում` ինչ նկատի ուներ, երբ ասում էր, որ ամերիկյան կորպորացիան է զբաղվելու սիրիական նավթով։ ԱՄՆ–ի նախագահը հույս ունի, որ առնվազն մեկ տարի դեռ կկարողանա պահել այս լարվածությունը։
Ռուսաստանի ՊՆ-ն վստահ չէ, որ Աբու Բաքր ալ-Բաղդադին իսկապես ոչնչացվել է
Այնքան, քանի դեռ չի հաղթել նախագահական ընտրություններում։ Ու մինչ Եփրատի ձախ ափին քրդերը նավթ են արդյունահանում ու վաճառում ամերիկյան նավթավերամշակող ընկերություններին, ԱՄՆ–ում ոչ ոք չի մեղադրի Թրամփին, որ նա պարտվել է Սիրիայի արշավում, որ չի կարողացել «կպնել» Մերձավոր Արևելքին ու կորցրել է տարածաշրջանում ազդեցությունը։
Ամերիկյան զորախումբ Ջավախքում. ավանտյուրա՞, թե՞ լուրջ նախագիծ
Ի դեպ, ամերիկացիների քաղաքականության տրամաբանության մեջ է նաև վերջերս հայտնված տեղեկությունն այն մասին, որ Սիրիայից գնացած ամերիկյան զորախմբի մնացորդները կարող են հիմնվել Ջավախքում։ Սովորական ֆեյք նյուզ է, թե ամերիկյան ոչ այնքան հայտնի փորձագետի կողմից գցված փորձաքար, դեռ պետք է պարզել։
Նա նկատում է, որ լավ կլիներ` մոտակայքում թողնել Սիրիայից ինքնատարհանված ամերիկյան զորախումբ։ Որ նրանք ոչ թե վերադառնային տուն` օվկիանոսից այն կողմ, այլ ժամանակավորապես մնային Ախալքալաքի զինվորական մասում, որտեղ նախկինում տեղակայված էր ռուսական ռազմակայանը։
The Heritage Foundation հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան, ԱՄՆ–ի բանակի վետերան ու քաղաքական խորհրդատու Լյուկ Քոֆին ամեն ինչ տրամաբանական շղթայի մեջ է ներկայացնում։ Քանի որ Սիրիայի տարածքում այսուհետ ամերիկյան զորախումբ չկա, ապա չի բացառվում, որ «Իսլամական պետության» գրոհայինները նորից կարող են ակտիվանալ։ Ու ահա այդ ժամանակ զորախմբի մոտ լինելը կփրկի իրավիճակը ոչ ավել, ոչ պակաս կեղծ Խալիֆության մայրաքաղաք Ալ-Ռաքքայից 450 կիլոմետր հեռավորության վրա։
Կգտնվի մոտակայքում` Վրաստանում, հայաբնակ Ջավախքում։ Ճիշտ է` հարց է առաջանում. իսկ ինչու՞ ավելի մոտ չեն տեղակայել։ Ինչու՞ ոչ Իրաքում, որտեղ ամերիկյան զինվորականները հիմնավորվել են դեռ 1996 թվականից։ Մի՞թե ամերիկյան հետևակայինները վախեցել են փտած լոլիկներից, որոնցով նրանց դիմավորել են իրաքյան քրդերը։
Օտար նախագիծ․ ի՞նչ է իրենից ներկայացնում Սիրիայի «Հայկական գումարտակը»
Իհարկե, դժվար է դրան հավատալ։ Իրականում ԱՄՆ–ն Իրաքում հանգիստ կցրեր բոլորին, եթե իրեն պետք լիներ։ Սակայն նրանք որոշեցին զայրույթով լցված ամբոխի հետ կռիվ չտալ։ Մի՞թե պատճառն այն չէր, որ Վրաստանում ամերիկյան զորախմբի տեղակայումը ևս մեկ միավոր է նախագահ Դոնալդ Թրամփի օգտին, որը պատրաստվում է երկրորդ անգամ առաջադրվել։
Ընտրողների մոտ գլուխ գովելու առիթ կլինի։ Իրադարձությունների նման զարգացումը կխառնի Հարավային Կովկասում Ռուսաստանի աշխարհաքաղաքական դիսպոզիցիան։ Իսկ ամերիկացիներն ուզում էին հաշվեհարդար տեսնել Ռուսաստանից Սիրիայում ու Սիրիայի և Թուրքիայի սահմանում կրած պարտության համար։
ԱՄՆ–ն ուզո՞ւմ է Մերձավոր Արևելքի նման պայթեցնել նաև Հարավային Կովկասը
Էլ չենք խոսում այն մասին, որ ամերիկացիների նման արկածախնդրությունը կարող է վատ հետևանքներ ունենալ ամբողջ Հարավային Կովկասի համար։ Ինչպե՞ս դա կանդրադառնա, օրինակ, Ղարաբաղյան հակամարտության վրա։ Կամ Աբխազիայի և Հարավային Օսեթիայի իրավիճակի վրա։
Ինչպե՞ս կարձագանքեն Իրանը կամ Թուրքիան։ Նման քայլը հավասարազոր է վառոդի տակառից երևացող պատրույգը վառելուն։ Թեև չի բացառվում, որ ամերիկացիները հենց դրան են ձգտում` փորձելով հնարավորինս վնաս հասցնել իրենց աշխարհաքաղաքական մրցակցին` Ռուսաստանին։ Չէ՞ որ Մերձավոր Արևելքից հեռանալն իսկապես կարող է շատ ծանր անդրադառնալ ԱՄՆ–ի վրա։
Հիշելով ութ տարվա վաղեմության իրադարձությունները` հասկանում ես, որ ամերիկացիներն իսկապես ընդունակ են դրան։ Երբ Վաշինգտոնը հանգիստ խղճով սրեց իրավիճակը Սիրիայում միայն այն պատճառով, որ այնտեղ նավթի ու գազի հսկայական պաշարներ էին հայտնաբերվել։ Ու այդ ժամանակ էներգակիրների շուկայում իր առաջատարությունը չկորցնելու համար ԱՄՆ–ն այդ երկրում ծածանեց գունավոր հեղափոխության ուրվականը։
Իսկ երբ դա չաշխատեց, ու երկրի օրինական (ընտրված) նախագահը սկսեց գլուխ հանել իրավիճակից, ԱՄՆ–ն այնտեղ լցրեց ամբողջ աշխարհի ահաբեկչական թափթփուկներին` սկսած Չինաստանից, Պակիստանից, Հնդկաստանից, վերջացրած ԱՊՀ ու եվրոպական պետություններով։ Հաշվի չառնելով,թ ե ինչ կորուստներ կլինեն դրանից։
«Իրականում». Սիրիայից ու Իրաքից էվակուացված բանակը ԱՄՆ-ն ուզում է Ջավախքո՞ւմ տեղակայել
Այնպես որ, Քոֆիի հայտարարությունն, ամենայն հավանականությամբ, հետախուզության համար է արվում, հասկանալու համար, թե ինչպես կարձագանքեն տարածաշրջանի երկրները։ Եթե ընդունենք, որ Վրաստանին մինչ այժմ նույնիսկ ՆԱՏՕ չեն ընդունել (թեև վաղուց խոստանում են), ապա կարելի է հասկանալ` ինչ արձագանք կլինի, եթե զուտ ամերիկյան զորքերը «մշտապես գրանցվեն» այնտեղ։ Նույնիսկ այն մարդիկ, որոնք շատ կուզենային դա, քաջ գիտակցում են, որ նման իրավիճակը կպայթեցնի տարածաշրջանի առանց այդ էլ հակակշիռների փխրում համակարգը։
Նույն Թուրքիան, հավանաբար, առաջինը կարձագանքի իր «ավագ» նատոյական եղբոր քմահաճույքին։ Էլ չենք խոսում Կրեմլի արձագանքի մասին, որտեղ Սիրիայում տեղի ունեցած իրադարձություններից հետո իրենց շատ ավելի վստահ են զգում, քան, ասենք, մի երկու տարի առաջ։