ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի — Sputnik.Հայաստանի հանրապետական կուսակցությունն ամենից շատ է շահագրգռված հոկտեմբերի 27-ի ահաբեկչության ճշմարտությունը բացահայտելու հարցում։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի քարտուղար, խորհրդարանի նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Դա հանցագործություն էր մեր պետականության, մեր երկրի առաջնորդների դեմ։ Մենք կորցրել ենք մեր առաջնորդին․ սպարապետ Վազգեն Սարգսյանը նախևառաջ մեր առաջնորդն էր։ Ուստի մենք ամենից շատ ենք շահագրգռված այդ հանցագործությունը բացահայտելու հարցում», - նշեց Շարմազանովը։
Հարցին, թե ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պատրաստ է այդ գործով մանրամասներ ներկայացնել, քանի որ այդ ժամանակ զբաղեցրել է ԱԱԾ ղեկավարի պաշտոնը, Շարմազանովը պատասխանեց․ «Ո՞վ ասաց, որ ժամանակին չի ներկայացրել: Այդ մասին ավելի լավ գիտեն Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը, որն այդ ժամանակ դարձել է վարչապետ, Գագիկ Ջհանգիրյանը, որը վարել է քննությունը և ուրիշներ»։
Շարմազանովը ընդգծեց, որ անընդունելի է, երբ այս կամ այն ուժերը փորձում են շահարկել ՀՀԿ անունը։
Նոր իշխանությունը կաշկանդվածություն չունի «Հոկտեմբերի 27»-ը բացահայտելու հարցում. Սարգսյան
«Այն, որ մահացածների հարազատները զգացմունքային են արտահայտվում, լիովին բնական է, նրանց կարելի է հասկանալ։ Բայց քաղաքական շահարկումներն անընդունելի են։ Եթե կան ինչ-որ փաստեր, դրանցով պետք է զբաղվեն իրավապահները», - ասաց Շարմազանովը։
Հիշեցնենք, որ 1999թ.-ի հոկտեմբերի 27-ին հանցախումբը` Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, ՀՀ ազգային ժողովի նիստերի դահլիճում սպանել էր ԱԺ խոսնակ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, փոխխոսնակներ Յուրի Բախշյանին և Ռուբեն Միրոյանին, օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանին, պատգամավոր Արմենակ Արմենակյանին, Հենրիխ Աբրահամյանին և Միքայել Քոթանյանին:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը տևեց 1.5 տարի, դատավարությունը` 2.5։
2003թ–ին ավարտված դատավարության արդյունքում դատարանը որոշեց Նաիրի Հունանյանին, նրա եղբորը` Կարեն Հունանյանին, նրանց քեռուն` Վռամ Գալստյանին, ինչպես նաև Դերենիկ Բեջանյանին, Էդիկ Գրիգորյանին, Նորայր Եղիազարյանին ու Աշոտ Կնյազյանին դատապարտել ցմահ, Համլետ Ստեփանյանին` 14 տարվա ազատազրկման։
Հանցագործությանը հաջորդած 20 տարվա ընթացքում խմբի 8 անդամներից 4-ը մահացան տարբեր հանգամանքներում։
Ստեփանյան. «Եթե «Հոկտեմբերի 27»-ը կազմակերպված էր, ուրեմն արմատները շատ խորն են»