ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Պարգևավճարները միանգամայն օրինական են, և դրանց տրամադրումը նախատեսված է Երևանի տարեկան բյուջեով։ Այս մասին Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի խոսնակը` Հակոբ Կարապետյանը։
Հայտնել էինք, որ քաղաքապետ Հայկ Մարությանը հաստատել է հերթական եռամսյակային պարգևատրման ցուցակը։ Ըստ այդմ` 965 հազարական դրամ են ստացել Երևանի քաղաքապետի չորս տեղակալները, Երևանի գլխավոր ճարտապետը, աշխատակազմի քարտուղարը: Իսկ քաղաքապետի մամուլի քարտուղարը, խորհրդականը, հանրակրթության ու իրավաբանական վարչությունների պետերը պարգևատրվել են 840 հազարական դրամով։
«Մամուլի որոշ ներկայացուցիչներ կրկին փորձում են շահարկել պարգևավճարների հարցը՝ համապատասխան շեշտադրումներով: Առիթը՝ քաղաքապետարանը հրապարակել է եռամսյակային պարգևավճարները: Օգտագործում եմ «շահարկել» բայը, որովհետև այս իրադարձության մեջ ուղղակի նորություն չկա»,–գրել է Կարապետյանը։
Պարգևավճարներ վճարվել են, վճարվում են ու վճարվելու են. ՊԵԿ նախագահ
Նրա խոսքով` պարգևավճարների` սոցիալական տեսանկյունից հիմնավորվածության մասին պաշտոնատար անձինք պարբերաբար խոսել են, ավելին` պարգևավճարների դրույքաչափի փոփոխություն չի եղել: Կարապետյանը հայտնում է նաև, որ այդ պարգևավճարները երեք ամսվա համար են, ուստի` այդ եկամուտը պետք է բաժանել երեք ամսվա վրա։
Ի դեպ, քաղաքապետի մամուլի խոսնակը հիշեցնում է, որ Հայկ Մարությանն ինչպես նախորդ եռամսյակներին, այնպես էլ այս անգամ` պարգևավճար չի ստացել:
«Ի դեպ, գրեթե բոլոր հրապարակումներում առանձին նշվում է, որ 850 հազար դրամ պարգևատրում է ստացել նաև քաղաքապետի մամուլի քարտուղարը, այսինքն` ես: Մի լրագրող աղջիկ էլ զանգեց ու ասաց՝ «Երանի՜ Ձեզ»: Ինչպես ասում է Ավետարանը՝ երանի հոգով աղքատներին: Նախ, 850 հազարից պետք է հանել հարկերը և կստանանք շուրջ 600 000»,–գրել է նա։
Կարապետյանը հայտնում է նաև, որ պատրաստ է գրավոր հարցման պարագայում տրամադրել 2018թ.-ի նոյեմբերից՝ քաղաքապետարան ընդունվելուց առաջ իր ստացած եկամուտների մասին ՊԵԿ-ից վերցրած պաշտոնական տեղեկություն։ Այդ տեղեկության մեջ, ըստ նրա, կերևա, որ նախկինում իր եկամուտներն ավելի բարձր էին, քան հիմա:
Հիշեցնենք, որ այս եռամսյակում ընդհանուր առմամբ քաղաքապետը պարգևատրել է 120 աշխատակցի։ Պարգևատրումների բյուջեն կազմել է 60 մլն 919 հազար դրամ: