ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի — Sputnik. Վանաձորում հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ մահացած 22-ամյա հրշեջ-փրկարար Սամվել Դևելյանն Ապրիլյան պատերազմի մասնակից էր: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի քարտուղար, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Էդմոն Զարգարյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Լոռու մարզում` Բազումի լեռնաշղթայի անտառներում, այսօր խոշոր հրդեհը մարելու հրշեջ-փրկարարներից մեկը մահացել է, մյուսն էլ` այրվածքներ ստացել։
«Տղան 5-6 ամիս է, ինչ աշխատում էր մեզ մոտ։ Բազումի լեռնաշղթայի անտառները, որտեղ բռնկվել էր հրդեհը, բավական բարդ և դժվարանցանելի տարածք է։ Նրանք հրդեհաշիջման աշխատանքներ են արել, երբ հանկարծ քամի է սկսվել, ու կրակը տղաներին շրջապտույտի մեջ է վերցրել։ Ցավոք, ԱԻՆ–ի երկու աշխատողներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել, իսկ մյուսն այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց»,–ասաց Զարգարյանը։
Նա նշեց նաև, որ տուժած հրշեջը` 27-ամյա Էդգար Գրիգորյանը, Վանաձորի բժշկական կենտրոնից տեղափոխվել է Երևանի ճառագայթային բժշկության և այրվածքների կենտրոն:
Զարգարյանը հայտնեց նաև, որ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն այսօր աշխատանքային այցով Տավուշի մարզ պետք է գնար` հենակետեր այցելելու, սակայն ճանապարհից հետ են դարձել Վանաձոր`այցելելու հրշեջների ընտանիքներ։
ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանն էլ Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է, որ ուղղաթիռով Այրվածքաբանության ազգային կենտրոն տեղափոխված հրշեջը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Տղամարդն ինքնասպան է եղել տարեդարձից մի քանի օր անց. ողբերգական դեպք Ջերմուկում
«Տուժածի մոտ առկա է մարմնի մակերեսի 40% այրվածք` գլուխ, ստորին և վերին վերջույթներ: Նրա առողջական վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր: Իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ»,–գրել է նա` նշելով, որ վնասվել են նաև վերին շնչուղիները։
Նիկողոսյանը հայտնել է նաև, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարությամբ աշխատանքները համակարգում է նախարարի տեղակալ Լևոն Հակոբյանը։
«Զվարթնոց» օդանավակայանում պայթուցիկի նմանվող առարկա են գտել