Ինչ խնդիր կունենա նա, ով չի ներկայանա Ապրիլյան պատերազմի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողով

Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի նախագահը վստահեցնում է, որ ոչ ոք մինչ օր չի մերժել հանձնաժողով ներկայանալու հրավերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի — Sputnik. Ով չգնա Ապրիլյան պատերազմի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողով, պրոբլեմ է ունենալու, քանի որ կասկածների մի մեծ կծիկ է իր վրա վերցնելու։ Այս մասին ԱԺ խմբակցությունների ճեպազրույցի ժամանակ ասաց քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Որտե՞ղ էր Խաչատուրովը ապրիլյան քառօրյայի առաջին րոպեներին. պատասխանում է Դավթյանը

«Երբ ես ասացի, որ Սերժ Սարգսյանն անխուսափելիորեն պետք է հրավիրվի հանձնաժողով, սկսեցին արձագանքել, թե կան իրավական ճանապարհներ, ըստ որոնց` Սերժ Սարգսյանը կարող է չգնալ այդ հանձնաժողով։ Բոլորն էլ իրավունք ունեն չգալու հանձնաժողով, սակայն թեման այնքան զգայուն է, որ ով չգա, պրոբլեմն իրենն է լինելու»,–ասաց նա։

Քոչարյանի խոսքով` մինչ օրս հանձնաժողով ներկայանալու որևէ մերժում չի եղել հրավիրվածների կողմից։

Քննիչ հանձնաժողովի նախագահը նշեց նաև, որ առաջիկայում մի շարք բարձր պաշտոն զբաղեցնող զինվորականներ էլ կհրավիրվեն հանձնաժողով, սակայն զինվորների և զինվորականների մասով չի կարող անուններ հնչեցնել։

Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովն ակնկալում է Սերժ Սարգսյանի մասնակցությունը. ՀԺ

«Զինվորների հետ շփումները շատ էմոցիոնալ բնույթ են կրում, և չէի ուզենա, որ մեզ հետ զրույցից հետո մի հատ էլ լրագրողների հարցերին պատասխանեին ու վերապրեին այդ ամենը։ Զինվորականների տված ինֆորմացիան շատ արժեքավոր է, քանի որ միայն պաշտոնյաները չէ, որ կարևոր տեղեկատվություններ են տրամադրում մեզ։ Առաջին հերոսապատումը կերտածները նույնպես շատ արժեքավոր տեղեկատվություն են տալիս»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի՝ Ապրիլյան պատերազմի հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողով գնալ-չգնալու հարցին` ասել էր, որ Սարգսյանը հանրությունից թաքցնելու որևէ բան չունի: