«Իմ քայլի» պատգամավորները խիստ նկատողություն են ստացել. «Ժողովուրդ»

88 հոգանոց «Իմ քայլը» խմբակցությունից նիստերին մասնակցում է ամենաշատը 25-30 պատգամավոր, մյուսները առհասարակ խմբակցության նիստերին չեն գալիս։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի — Sputnik. «Ժողովուրդ» թերթի տվյալներով` ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները խիստ նկատողություն են ստացել։

«Երեկ` ԱԺ նիստերի ավարտից անմիջապես հետո, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները շտապել են ՔՊ կուսակցության կենտրոնական գրասենյակ, որտեղ խմբակցության դռնփակ նիստ են անցկացրել»,–գրում է թերթը:

Քվեարկեք, հետո ոնց կուզեք` իրար նայեք. «Իմ քայլը» դեմ քվեարկեց անգամ Փաշինյանի նախագծին

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ նիստի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, նաև քննարկվել են կարգապահական, մասնավորապես` խմբակցության նիստերից բացակայելու հարցը: «Բանն այն է, որ վերջերս 88 հոգանոց խմբակցությունից նիստերին մասնակցում է ամենաշատը 25-30 պատգամավոր, մյուսները առհասարակ խմբակցության նիստերին չեն գալիս»,–գրում է թերթը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նիստում բացակաների հարցը շատ խիստ է դրվել` ասելով, որ այլևս պետք է բացակայելը բացառել, քանի որ նիստերի ընթացքում կարևոր որոշումներ են կայացվում, և բոլորի ներկայությունը պարտադիր է: Ըստ այդմ, թերթի տվյալներով, բացականերին շատ խիստ նկատողություն է տրվել։