«Բարձրացող» Երևան. 16-հարկանին բարկացրել է բնակիչներին, քաղաքապետարանը խախտում չի գտել

Ֆուչիկի 1/3 շենքի բնակիչները քառակուսու համար 100-150 դոլար հավելյալ գումար են վճարել, որպեսզի արևկող բնակարան ունենան, սակայն այժմ իրենց հարևանությամբ ավելի բարձր շենք են կառուցում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի — Sputnik. Երևանի Ֆուչիկի փողոցի 1/3 շենքի բնակիչները փաստի առաջ են կանգնել. նրանք թանկ գնով բնակարան են գնել 14-հարկանի նորակառույցում` ինչ է, թե լավ տեսարան ունենան, բնակարանը արևկող լինի, սակայն հոկտեմբերի 1–ից տարածքին կից նոր` 16-հարկանի շենք է կառուցվում։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Ֆուչիկի 1/3 շենքի  բնակիչներից Ռաֆայել Տերակյանը։

«Բարձրացող» Երևան. 16-հարկանին բարկացրել է բնակիչներին, քաղաքապետարանը խախտում չի գտել

Այսօր Երևանի քաղաքապետարանի դիմաց շենքի բնակիչները բողոքի ակցիա էին անում և պահանջելով հանդիպում` կա՛մ Երևանի քաղաքապետի, կա՛մ էլ գլխավոր ճարտարապետի հետ։

«Հիփոթեք ենք վերցրել ու նորակառույցում բնակարան գնել, սպասել, որ այն շահագործման հանձնվի ու երբ վերջապես 2-3 ամիս առաջ մտել ենք նոր տուն, պարզվել է` մեր շենքի հարևանությամբ ավելի բարձր շենք են կառուցում։ Դեպի բակ նայող տների համար 1 քառակուսու դիմաց 100-150 դոլար ավել ենք վճարել։ Պարզ է, չէ՞, որ հիմա այդ տների արժեքը կիջնի. ո՞վ է փոխհատուցելու»,–ասաց Տերակյանը։

Բացի այդ, բնակիչը պնդում է, որ Ֆուչիկի 1/1 և 1/2 հասցեներում կառուցապատվող շենքը մի շարք խախտումներով է վեր խոյանալու, քանի որ այն թե՛ Ֆուչիկի 1/3 շենքի բնակիչների տան արևն է փակելու, թե՛ բնակչության խտության նորմն է խախտելու։ 

«Բարձրացող» Երևան. 16-հարկանին բարկացրել է բնակիչներին, քաղաքապետարանը խախտում չի գտել

Տերակյանը նշեց նաև, որ իրենք նամակով քանիցս դիմել են քաղաքապետարան, որպեսզի հանրային քննարկումներին իրենց էլ կանչեն` որպես շահագրգիռ կողմ, սակայն նամակներն անպատասխան են մնացել։ Նրա խոսքով` մեկ անգամ իրենց հաջողվել է հանդիպել կառուցապատող ընկերության ներկայացուցչի հետ, որը, սակայն, նրանց ասել է, որ ոչ մի զիջման չի գնալու ու շենքը կառուցել է այնպես, ինչպես ինքն է ուզում։ 

Շենքի բնակիչներից Աշոտ Թադևոսյանն էլ հայտնեց, որ բնակարանը գնելիս կառուցապատողն իրենց հավաստիացրել է` բակի հատվածում այգի ու խաղահրապարակ է լինելու։ Նրա խոսքով` ուշագրավ է այն հանգամանքը, որ շինարարությունն իրականացնող ընկերությունը («Ալիանս 64») դեռ շինթույլտվությունը չստացած վաճառքի էր հանել շենքի բնակարանները։

«Բարձրացող» Երևան. 16-հարկանին բարկացրել է բնակիչներին, քաղաքապետարանը խախտում չի գտել

«Մենք մեր շենքի հարևանությամբ կառուցվելիք բարձրահարկի մասին իմացել ենք համացանցում տեղադրված հայտարարությունից։ Կառուցապատողը հայտարարություն էր տարածել ու արդեն բնակարան էր վաճառում այն դեպքում, երբ քաղաքապետարանից մեզ գրավոր հայտնել էին, որ դեռ շինթույլտվություն չի ստացել։ Պարզ է, չէ՞, որ այստեղ մի բան այն չէ»,–ասաց Թադևոսյանը։

Բողոքի ակցիա իրականացնող բնակիչների հետ հանդիպման իջավ քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։ Նա հայտնեց, որ քաղաքապետն արձակուրդում է, իսկ Արթուր Մեսչյանը հիմա նրանց հետ չի կարող հանդիպել։ Կարապետյանը բնակիչներին առաջարկեց հանդիպել պատասխանատու մասնագետներից մեկի հետ։

«Բարձրացող» Երևան. 16-հարկանին բարկացրել է բնակիչներին, քաղաքապետարանը խախտում չի գտել

Բնակիչների լիազոր ներկայացուցիչը` իրավաբան Արմեն Օհանյանն ի պատասխան նշեց` մինչ այդ հանդիպել են քաղաքապետարանի ներկայացուցչի հետ, որն ասել է, թե, ոչինչ, մի շարք շենքեր կան, որոնք ինչ–ինչ խախտումներով են կառուցվում։

Ակցիայի մասնակիցները հրաժարվեցին հանդիպել մասնագետի հետ և պնդեցին` ուզում են Մեսչյանին հանդիպել։ «Կառավարության մոտ 3 հոգի հավաքվում է` Փաշինյանն իջնում, հետները զրուցում է, ինչո՞ւ Մեսչյանը մեզ չի ընդունում»,–ասաց Օհանյանը` հավելելով, որ ամեն օր հավաքվելու են քաղաքապետարանի դիմաց` մինչև Մեսչյանը ժամանակ կտրամադրի ու կորոշի լսել իրենց։

Sputnik Արմենիային քաղաքապետարանի քաղաքաշինական ծրագրերի հատուկ կարգավորման բաժնից հայտնեցին, որ կառուցապատողին ներկա պահին մինչև զրոյական նիշն է տված շինթույլտվություն։ Բացի այդ, ըստ քաղաքապետարանի` շենքի կառուցմամբ որևէ նորմ չի խախտվում։

«Բարձրացող» Երևան. 16-հարկանին բարկացրել է բնակիչներին, քաղաքապետարանը խախտում չի գտել

«Բնակիչները կառուցապատման խտությունից են խոսում, սակայն եթե շենքերի միջև նվազագույն հեռավորության նորմատիվը 24 մետր է, ապա այս դեպքում`33.5 է։ Իսկ ինչ վերաբերում է ինսոլյացիոն ազդեցությանը (արևի լույսի` բնակարաններ ներթափանցելուն), ապա այդ առումով էլ արվել է հատուկ հաշվարկ, կա մասնագիտական եզրակացություն, ըստ որի` որևէ նորմ չի խախտվում»,–ասացին քաղաքապետարանից։

Ինչ վերաբերում է Ֆուչիկի 1/3 շենքի բնակիչներին հանրային քննարկմանը հրավիրելուն, ապա այս դեպքում էլ, ըստ քաղաքապետարանի` բնակիչները չեն հանդիսանում շահագրգիռ կողմ և նրանց այդ քննարկումներին հրավիրել պարտադիր չէր։

Ի դեպ, այս պահին արդեն իսկ փորվում է կառուցվելիք շենքի հիմքը։