«ՌեԱնիմանիա» պատկերապատման և անիմացիոն միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 24–29–ը։ Լինելու են համաշխարհային մեծ հարթակներից բերված ֆիլմեր․ լիամետրաժ ֆիլմերը հիմնականում 2019թ. արտադրության են, ինչը մեծ ձեռքբերում է։ Sputnik Արմենիային այս մասին ասել է «ՌեԱնիմանիա» միջազգային փառատոնի ֆիլմերի համակարգող, կինոքննադատ Դիանա Մարտիրոսյանը։
«Այս տարվա փառատոնի թեմատիկան շատ խայտաբղետ է, բայց կան որոշակի թեմաներ, որոնք անընդհատ կարմիր թելով անցնում են կինեմատոգրաֆում և անիմացիոն ֆիլմերի պարագայում նույնն է․ օրինակ, կանանց իրավունքների մասին, հայտնի արվեստագետների մասին միշտ լինում են ֆիլմեր։ Մեր այս տարվա բացման ֆիլմը հենց այդպիսին է։ Այն նվիրված է շատ հայտնի կուլտային սյուռեալիստ Լուիզ Բունոելին․ ֆիլմը կոչվում է «Բունոելը կրիաների լաբիրինթոսում»»,–ասում է կինոքննադատը։
Մարտիրոսյանը նշեց, որ ֆիլմ ունեն նաև Վան Գոգի մասին՝ «Loving Vincent»-ը, որը 2017թ.–ին ցուցադրվել է և հայերեն թարգմանվել ռուսական վարձույթից։ Ֆիլմն առաջադրվել է Օսկարի և համարվում է 2018թ. ռուսական վարձույթի լավագույն օտարալեզու ֆիլմը։
Մարտիրոսյանը նշեց, որ փառատոնի կարճամետրաժ ֆիլմերի ծրագրում ընդգրկված են նաև մի քանի հայ երիտասարդ անիմատորների ֆիլմեր:
Նշենք, որ «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 24-29-ը: Կինոփառատոնը ստացել է ավելի քան 350 լիամետրաժ և կարճամետրաժ անիմացիոն ֆիլմեր՝ աշխարհի տարբեր երկրներից։
Դրանցից ընտրվել են 100 լավագույնները, որոնք կմրցեն փառատոնի հիմնական անվանակարգերում: Պրոֆեսիոնալ ժյուրին կդիտարկի դրանք և փառատոնի ավարտին մրցանակներ կհանձնի տարբեր անվանակարգերում: