«Եթե չլինի պատժող մեխանիզմ, ոչ մի բալային համակարգ խնդիրը չի լուծի». Պողոս Շահինյան

Շահինյանը կարծում է, որ երթևեկության անվտանգությունը պայմանավորված է ոչ միայն լավ վարորդով ու սարքին տրանսպորտային միջոցով, այլև լավ կահավորված ճանապարհներով, եթե նշված բաղադրիչներից մեկը բացակայում է, ապա անվտանգ երթևեկության մասին խոսելը բացառվում է։
Sputnik

 

Ամռանը ՀՀ վարչապետին ներկայացվել են երթևեկության անվտանգության և փողոցների տրանսպորտային գերծանրաբեռնվածության խնդիրներին առնչվող համալիր մոտեցումներ ու առաջարկներ: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Ճանապարհային անվտանգության ազգային խորհուրդ» ՀԿ ղեկավար Պողոս Շահինյանը։

Անձրևը բացահայտեց Երևանի ճանապարհատրանսպորտային բոլոր խնդիրները

«Ճանապարհային երթևեկության անվտանգությունը պայմանավորված է ոչ միայն լավ վարորդով ու սարքին տրանսպորտային միջոցով, այլև լավ կահավորված ճանապարհներով, եթե նշված երեք բաղադրիչներից մեկը պակասում է, ապա չի կարելի խոսել անվտանգ երթևեկության մասին»,-նշեց նա։

Մասնագետը կարևորեց հատկապես առավելագույն արագության նվազեցումը, քանի որ դրա հիմքում ընկած են միջազգային փորձը և ուսումնասիրությունները, որոնք փաստում են, որ 10 կմ/ժամ արագության նվազեցումը 30-ից 40 տոկոսով նվազեցնում է վթարի ժամանակ ծանր վնասվածքներն ու մահացության դեպքերը:

Անվտանգ երթևեկություն. նոր փոփոխություն Երևանում

«Այդուհանդերձ, եթե չլինի վերահսկող և պատժող մեխանիզմը, ոչ մի բալային համակարգ խնդիրը չի լուծի»,- հավելեց Շահինյանը: 

Շահինյանի կարծիքով՝ լրջագույն աշխատանք պետք է տարվի թե՛ վարորդների, թե՛ հետիոտնի իրազեկվածության բարձրացման ուղղությամբ, մյուս կողմից փողոցները պետք է այնպես կահավորվեն, որ հնարավորինս քիչ վթարներ ու զոհեր լինեն:

Իսկ արդյունքները միայն համալիր միջոցառումների շնորհիվ նկատելի կլինեն: